չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանի արտաքին պարտքի չափը հասել է ռիսկային մակարդակի․ Ջանջուղազյան

Հայաստանի արտաքին պարտքի չափը հասել է ռիսկային մակարդակի․ Ջանջուղազյան

Կառավարությունը կարծում է, որ առաջիկա հինգ տարում տնտեսական ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ պարտքի բեռը նվազի, և պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա 60 տոկոսից ցածր միջակայք։ Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։

«Կարելի է նշել, որ պետական պարտքն ընդհանուր առմամբ 2020-ին կազմել է 7 մլրդ 969 մլն ԱՄՆ դոլար, որի շրջանակում կառավարության պարտքը եղել է 7 մլրդ 509 մլն դոլար։ Չնայած բազմաթիվ քննարկումներին, պարտքն իր անվանական ու հարաբերական մեծությամբ հատել է այն շեմը, ոը գնահատվում է մեր երկրին բնորոշ բնութագրեր ունեցող երկրների համար որպես կառավարելի միջակայք, այդուհանդերձ, մենք շատ չենք խորացրել խնդիրները պարտքի բնագավառում։ Եվ կարծում ենք, որ առաջիկա հինգ տարում մեր տնտեսական ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ մեր պարտքի բեռը նվազի, և պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա 60 տոկոսից ցածր միջակայք»,- ասաց Ջանջուղազյանը։

Ըստ նրա՝ կարևոր է նկատել այն, որ կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքն ունի որոշակի նշանակալի կշիռ՝ 5 մլրդ 593 մլն դոլար է կազմում արտաքին պարտքի մեծությունը։ Սա, ըստ Ջանջուղազյանի, պարտքի՝ ռիսկեր գեներացնող մեծություն է։ Այն նաև արտարժութային պարտք է, հետևաբար, փոխարժեքի ռիսկը չի կարող անտեսվել։

«Մեր 2020 թվականի գործառնությունների արդյունքում ունեցել ենք շուրջ 76 տոկոս արտարժույթով ներգրավված պարտք և 23 տոկոսից մի քիչ ավելի դրամով ներգրավված պարտք»,- ասաց նա՝ հավելելով, որ պարտքի սպասարկման խնդիր չկա։

  • Կիսվել: