ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հաստատվեց ջերմատների զարգացման աջակցության ծրագիրը. ջերմատան կառուցման համար կտրամադրվի մինչեւ 3 մլրդ դրամի վարկ

Հաստատվեց ջերմատների զարգացման աջակցության ծրագիրը. ջերմատան կառուցման համար կտրամադրվի մինչեւ 3 մլրդ դրամի վարկ

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում հաստատեց Հայաստանի ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ շահառուների մեծամասնությունը կառուցում է փոքր և միջին ջերմատնային տնտեսություններ՝ հետագայում այն մեծացնելու նպատակով կամ մի քանի շահառուներ նախատեսում են միացնել փոքր ջերմատները։

Միաժամանակ, դեռևս շարունակվում են պահպանվել սեզոնայնությամբ պայմանավորված բանջարեղենի առանձին տեսակների բարձր գները։ Բանջարեղենի գնի վրա մեծ ազդեցություն է ունենում ներքին շուկայում իրացվող ծածկած գրունտի փոքր և միջին արտադրողների արտադրանքը, որոնց ինքնարժեքը համեմատաբար բարձր է, և պահանջարկի առկայության պայմաններում գները տարեվերջին զգալիորեն աճում են: Մշակված ծրագիրը նպատակ է հետապնդում խոշոր ջերմատնային տնտեսությունների ներդրման խթանման միջոցով բարձրացնել մշակության տնտեսական արդյունավետությունը և ավելացնել արտադրանքի արտահանման ծավալները։

Ծրագրի պայմաններն են՝

յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 3.0  մլրդ դրամի չափով (որը համապատասխանում է շուրջ 4 հա մակերեսով ջերմատան կառուցմանը)։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից հիմնվող ջերմատան առավելագույն մակերեսի սահմանափակում չի նախատեսվում,

յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի,

տրամադրվող վարկի տոկոսադրույքը  կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով,

վարկի մարման առավելագույն ժամկետը 8 տարի է,

շահառուի դիմումով ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս,

շահառուի և ֆինանսական կառույցի փոխադարձ համաձայնությամբ ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 3 ամիս ժամկետով,

ջերմատան կառուցման համար սահմանվածառավելագույն ժամկետը 1․5 տարի է։

Այս որոշման նախագծի ընդունման կապակցությամբ բյուջեում ծախսերը 2023 թվականի համար գնահատվում են շուրջ158.3 մլն դրամ։

2023 թվականի համար ծրագրի իրականացման արժեքը գնահատելու նպատակով կատարվել է պայմանական բաշխում, համաձայն որի նախատեսվում է ֆինանսավորել 5 հա ընդհանուր մակերեսով ջերմատների կառուցում (1 քառ. մ-ի ծախսը՝76.000 դրամ), ընդ որում՝ վարկավորումը նախատեսվել է 2023 թվականի օգոստոսի 1-ից հետո։Առաջիկա յուրաքանչյուր տարում նախատեսվում է ֆինանսավորել 10 հա ընդհանուր մակերեսով ջերմատների կառուցում։ Միաժամանակ հաշվի առնելով, որ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող ջերմատան մակերեսի սահմանափակում նախատեսված չէ՝ հիմնվող ջերմատների մակերեսը կարող է գերազանցել ծրագրի շրջանակում գնահատված և ֆինանսական կառույցի կողմից ֆինանսավորված ջերմատների մակերեսը։

Ծրագրի իրականացման արդյունքում՝

ծրագրի շրջանակում արդիական պահանջներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 35  հա ընդհանուր մակերեսով.

բերքատվության բարձրացում 2-3 անգամ՝ ավանդական եղանակով մշակվող ջերմատների նկատմամբ, մասնավորապես՝ լոլիկի դեպքում 1 քառ. մ-ի հաշվով 40-50 կգ բերքի ստացում․

ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում, մասնավորապես՝ 2024 թվականին՝ 6,7 հազ․ տոննա, 2025 թվականին՝ 11,3 հազ․ տոննա, 2026 թվականին՝ 15,6 հազ․ տոննա, իսկ 2027 թվականից յուրաքանչյուր տարի (մոտ 15 տարի) կապահովվի շուրջ 15,6 հազ․ տոննա լոլիկի բերք․

արտահանման ծավալների ավելացում, մասնավորապես՝ լոլիկի դեպքում 2025 թվականից տարեկան շուրջ 10․0  հազ տոննայով․

ոչ սեզոնային ամիսներին ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին.

1 հա ջերմատունը կստեղծի շուրջ 10-12 աշխատատեղ, իսկ 35 հա-ի դեպքում՝ 350  նորաշխատատեղ․

մեր գնահատմամբ, 35 հա ջերմատան շահագործման դեպքում, պետական բյուջեի մուտքերը յուրաքանչյուր տարի եկամտային հարկի գծով կկազմեն շուրջ 168,0 մլն ՀՀ դրամ, իսկ  35 հա ջերմատան կառուցապատման դեպքում պետական բյուջեի մուտքերը ավելացված արժեքի հարկի գծով կկազմեն շուրջ 490,0 մլն ՀՀ դրամ։

  • Կիսվել: