կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հարկ վճարողը չի կարող իր բաժին հարկը դնել մայթին կամ զբոսայգու ծառի տակ․ Հարկավոր է, որ լինի այդ հարկերը վճարելու համակարգ, որ մարդիկ հնարավորինս արագ վճարեն․ Փաշինյան

Հարկ վճարողը չի կարող իր բաժին հարկը դնել մայթին կամ զբոսայգու ծառի տակ․ Հարկավոր է, որ լինի այդ հարկերը վճարելու համակարգ, որ մարդիկ հնարավորինս արագ վճարեն․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ և ներկա գտնվել Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Վարչապետը շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացրած կառույցներին, Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացիներին: «Այսպիսի ավանդույթ կա, երբ լսարաններ, հիվանդասենյակներ, բաժիններ են նորոգվում կամ կառուցվում, ընդունված է ցուցատախտակներ փակցնել, թե ովքեր են ֆինանսավորել այդ կառույցների շինարարությունը: Ես ուզում եմ ասել, որ այս բժշկական կենտրոնի պատերին գրված է Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողների անունները, ովքեր մասնակցել են այս կառույցի ստեղծմանը: Եվ ուզում եմ ընդգծել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եղեգնաձորում երկու մեծ կառույց ենք շահագործման հանձնել, մյուսը թիվ 1 դպրոցն է: Շատ եմ կարևորում այս կապը, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հարկ վճարող պատկերացնի, թե ինչպես է իր աշխատանքը դառնում այսպիսի արդյունք»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է հարկ վճարելու արդյունավետ համակարգի ստեղծման կարևորությունը: «Հարկ վճարողներին իրենց հարկերը վճարելու համար հարկավոր է տեղ, ճանապարհ: Եվ սրա համար անհրաժեշտ են պետական պաշտոնյաներ, որոնք կզբաղվեն հարկ վճարելու այդ համակարգը ստեղծելով, որովհետև հարկ վճարողը չի կարող փողոցով անցնելիս իր բաժին հարկը դնել մայթին, նստարանին կամ թողնել տրանսպորտային միջոցի մեջ, զբոսայգու ծառի տակ: Հարկավոր է, որ լինի այդ հարկերը վճարելու համակարգ, որը ստեղծում են մարդիկ, որոնց պարտականությունն է դա անելը, որովհետև ո՛չ շինարարի, ո՛չ ոստիկանի, ո՛չ էլ բժշկի պարտականությունը չէ այդ հարկ վճարելու համակարգը ստեղծելը: Եվ սա է պատճառը, որ ՀՀ-ում գոյություն ունի Պետական եկամուտների կոմիտե: Եվ ՊԵԿ-ի աշխատանքը ոչ միայն հետևելն է, թե ով հարկ չի վճարում և նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառի, այլև՝ ստեղծել համակարգ, որպեսզի մարդիկ հնարավորինս արագ և հարմարավետ այդ հարկերը վճարեն: Եվ, հասկանալիորեն, այդ հարկերի վճարումն առավել հուսալի դարձնելու նպատակով այդ աշխատողների համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի, ինչպես ընդունված է ասել՝ «նրանց աչքը դրսում չլինի»»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ այդ համատեքստում ընդգծելով աշխատողներին բարձր աշխատավարձ տրամադրելու անհրաժեշտությունը:

Վարչապետը կարևորել է մարզերում բժշկական կենտրոնների արդիականացման ծրագրերի իրականացումը: «Առողջապահության նախարարության խնդիրն է ապահովել առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Եվ այդ նախարարությունն է, որ վերլուծում է, թե որտեղ է առողջապահական ծառայությունը հասանելի մարդկանց լիարժեք, և որտեղ է, որ հասանելի չէ: Այս բժշկական կենտրոնը կառուցվել է, որովհետև մենք արձանագրել ենք, երկարատև հետազոտության արդյունքում պարզել, որ Վայոց ձորի մարզից առողջապահական ծառայություն ստանալու համար ավելի շատ բուժառու գնում է Երևան, քան այն ստանում տեղում՝ չնայած այն փաստին, որ մարզում կան բժշկական կենտրոններ: Առողջապահության նախարարությունը պարզել է նաև, որ մարզում առողջապահական կենտրոնների շենքային պայմանները պատշաճ չեն, մասնագիտական բազան պատշաճ չէ: Մենք բժշկական կենտրոնների մասին խոսելիս՝ մտածում ենք այն մասին, որ դրանք գրավիչ լինեն բուժառուների համար, բայց որպեսզի դրանք գրավիչ լինեն բուժառուների համար, պետք է նախ գրավիչ լինեն բուժաշխատողների համար»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ոչ պատշաճ պայմաններ ունեցող բժշկական կենտրոններն օրական քիչ բուժառուներ են ընդունում: Արդյունքում՝ պրոֆեսիոնալ բժիշկները նախընտրում են աշխատել, օրինակ, Երևանում և նրանց բուժառուները ստիպված են լինում նրանց հետևից գնալ Երևան. «Եվ նրանց հետևից գնալով Երևան՝ ծախսելու են ավելի շատ միջոցներ, քան օբյեկտիվորեն կարող են ծախսել: Եվ ահա, այս նախագիծը դրա մասին է: Մենք ուզում ենք գրավիչ կենտրոն ստեղծել և՛ բժիշկների, և՛ բուժառուների համար: Բայց ինչպե՞ս է ստեղծվում այս կենտրոնը: Առողջապահության նախարարությունը, մեր մյուս կառույցները՝ մարզպետարանը, համայնքապետարանը, ՏԻՄ-երը, սկսում են քննարկումներ, թե ինչպիսի առողջապահական կենտրոն է պետք, որ այն լինի մաքսիմալ արդյունավետ, սկսած՝ ծավալներից, չափերից, տեղադիրքից, հետո կայացվում է որոշում, պատվիրվում է նախագիծ: Այս ամեն ինչը, իհարկե, ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից: Հետո այդ պաշտոնյաները վերահսկում են նախագծման գործընթացը, տեխնիկական առաջադրանք են ձևակերպում և մրցույթ կազմակերպում շինարար ընկերության համար: Հաղթող են ճանաչում շինարար ընկերությանը, վերահսկում շինարարությունը, ամբողջ գործընթացը, որպեսզի արդյունքում ստանանք այն, ինչ ստացել ենք: Ես սա նկարագրեցի, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հարկ վճարող պատկերացնի այդ ճանապարհը, սա շատ կարճ նկարագրություն է, թե ինչպես է իր վճարած հարկը դառնում այն դպրոցը և այս բժշկական կենտրոնը»:

Վարչապետը շինարարական նման նախագծերի իրականացման համատեքստում ընդգծել է չափանիշների սահմանման անհրաժեշտությունն ու կարևորությունը. «Օրինակ՝ մարզային առողջապահական կենտրոնն ինչ տեխնիկական հագեցվածություն պետք է ունենա: Եվ սա հենց Վայոց ձորի բնակիչներին տալու է տասնյակ միլիոնավոր դրամներ խնայելու հնարավորություն, որովհետև նրանք ստիպված չեն լինելու ամեն բժշկական ծառայություն ստանալու համար գնալ Երևան: Իհարկե, կլինեն նաև դեպքեր, երբ պետք է բուժառուն գնա Երևան. հրատապ դեպքերի համար ուղղաթիռի հրապարակն է ստեղծվել: Բայց նաև ուզում եմ ասել, թե ինչքան կարևոր է սա տնտեսական առումով հենց Եղեգնաձորի համար, որովհետև նաև բուժառուների բարեկամները, ովքեր գնում էին Երևան, բնականաբար, այնտեղից ամենատարբեր կարիքների համար գնումներ են անում: Հիմա Վայոց ձորի բնակիչները կամ ծախսերը չեն անելու, կամ անելու են մոտակայքում, որն իր հերթին բերելու է լրացուցիչ օգուտներ մոտակայքում առկա փոքր, միջին բիզնեսին, որն իր հերթին ամեն առևտրի հետ տպելու է ՀԴՄ կտրոններ և վճարելու է իր հարկերը, որն էլ իր հերթին այլ տեղերում դառնալու է ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ և այլն:

Սա է այն շղթան, որի պտույտի արդյունքում մենք այսօր ունենք այս բժշկական կենտրոնը: Եվ ես շատ եմ ուզում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հարկ վճարող այս բժշկական կենտրոնին, դպրոցին, ճանապարհին նայելիս, ինքն իրեն ասի՝ ես կառուցեցի, ես ստեղծեցի, ես աշխատեցի և ահա, ես ունեմ արդյունք, որովհետև մենք ընդամենն այդ քաղաքացու կողմից վարձված աշխատողներն ենք, ում պարտքն է վճարած ամեն մի դրամ հարկը հնարավորինս արդյունավետ բերել հասցնել իր տեղը: Իհարկե, այդ աշխատանքն անթերի չէ, բայց անթերի չէ նաև այն պատճառով, որ պետական կառավարման համակարգում շատերին վճարում ենք 150 000 դրամ և պահանջում օբյեկտիվորեն 1,5 մլն դրամի աշխատանք: Սա ասում եմ, որ նաև մեր քաղաքացիներն ափսոսանքով չվերաբերեն կառավարման համակարգին վճարվող գումարներին, իհարկե այն արձանագրմամբ, որ կառավարման համակարգը պետք է լինի օպտիմալ, դառնա օպտիմալ, ավելի պրոֆեսիոնալ: Բայց սա զուգահեռ ճանապարհ է, որովհետև նաև մարդիկ ինչպես վերաբերվում են կառավարման համակարգին, կառավարման համակարգն այդպես էլ արձագանքում է: Եվ նաև կառավարման համակարգն ինչպես վերաբերվում է մարդկանց, մարդիկ էլ այդպես էլ արձանագրում են»:

Նիկոլ Փաշինյանը բժշկական կենտրոնի առկայությունը կարևորել է նաև ճանապարհատրանսպորտային վթարներից տուժածներին հրատապ առողջապահական ծառայություն տրամադրելու առումով: «Հիմա մենք ունենք բժշկական կենտրոն Եղեգնաձորում, ունենք բժշկական կենտրոն Արտաշատում, կառուցում ենք բժշկական կենտրոն Սիսիանում: Եվ այո՛, երբ ժողովրդագրական մյուս քաղաքականությունների, բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքում մեր երկրում բնակչության թիվը կաճի, բոլոր տեղերում կլինեն բժշկական կենտրոններ, համապատասխան բժշկական ծառայություններ»,- նշել է վարչապետը և կրկին շնորհավորել ներկաներին, հաջողություն մաղթել կենտրոնի բոլոր աշխատողներին:

Վայոց ձորի մարզային բժշկական կենտրոնի նոր մեկհարկանի տիպային մասնաշենքի կառուցման աշխատանքները նախատեսվել են ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով և իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ու վերջինիս լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրերի շրջանակներում։ «Վայոց ձորի մարզային բժշկական կենտրոն» ՓԲԸ արդիականացման նպատակով կատարվել է շուրջ 2,67 մլրդ դրամի ներդրում, որից ՀՀ կառավարության միջոցներից` 1.17 մլրդ դրամ (44%), ՀԲ վարկային միջոցներից` 1.5 մլրդ դրամ (56%):

Բժշկական կենտրոնի նորակառույց շինությունը բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Մասնաշենքին կից կառուցվել են կաթսայատուն և էլեկտրաենթակայան: Բժշկական կենտրոնի նոր կառույցը բաղկացած է 5 մասնաշենքից, որոնց հատակագծային լուծումներն ապահովում են բուժական մասի համար կապեր կենտրոնի սպասարկող բաժանմունքների և շենքերի հետ:

Բժշկական կենտրոնում կգործի արյան փոխներարկման բաժանմունքը, ախտորոշիչ բաժանմունքը՝ ներառյալ լաբորատորիա, ընդունարան, անհետաձգելի բուժօգնության սրահ, կենտրոնական ախտահանում և այլ օժանդակ ծառայություններ։ Ծրագրի շրջանակներում կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և բժշկական պարագաներով: Արդիականացման արդյունքում 46 մահճակալ հզորությամբ բժշկական հաստատությունն երկրորդային և որոշ երրորդային մակարդակի հիվանդանոցային որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ կտրամադրի Վայոց ձորի մարզի շուրջ 47․8 հազ բնակչությանը տեղում՝ իրենց բնակավայրերին մոտ:

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանն այցելել է մարզի Խաչիկ բնակավայր, որտեղ հանդիպել է տեղի բնակիչներին: Վերջիններս վարչապետին շնորհակալություն են հայտնել պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ հատկացնելու և երաշխավորության հետևանքով առաջացած իրենց վարկային խնդիրներին լուծում տալու համար: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը մեկանգամյա քաղաքական որոշման է գնացել և հորդորել այլևս չիմացության կամ այլ պատճառներով նման խնդրի առաջ չկանգնել: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարության որոշմամբ հնարավորությունները կբացվեն, այդ թվում՝ Խաչիկ սահմանամերձ գյուղում բնակարան, տուն կառուցելու ծրագրի հասանելիությունն ապահովելու համար:

Վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել նաև Ելփին բնակավայրում՝ զրուցել տեղի բնակիչների հետ, պատասխանել տարբեր հարցերի, լսել նրանց խնդիրները, որոնք վերաբերել են գյուղատնտեսության, ոռոգման ջրի, այլ սոցիալական թեմաների»:

  • Կիսվել: