«Հարցեր կան, որոնք բարդ է լուծելը». Էկոնոմիկայի նախարարը՝ ծաղիկների արտահանման խնդիրների մասին
«Հարցեր կան, որոնք շատ բարդ է լուծելը։ Ընդ որում՝ դրանք և՛ դրսի հետ են կապված, և՛ ներսի՝ մեր կարողությունների։ Շատ հարցեր, որոնք քննարկում եմ, ասում եմ՝ ժողովուրդ ջան, ես հիմա գնալու եմ, խոսեմ, որ մեզ որոշակի ժամանակ տան հարցը լուծելու համար։ Բայց դա չի նշանակում, որ խնդիրները չեն լուծվելու»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Գորիսում NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներին։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն աշխատում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրները լուծելու ուղղությամբ, և այդ աշխատանքի արդյունքում է, որ 7 կազմակերպության թույլատրվել է արտահանումը։ Այդ ընկերություններին թույլ են տվել, որովհետև դրանք 100 տոկոսով համապատասխանում են բոլոր ստանդարտներին, կանոններին։ Ընկերություններ կան, որոնց դեպքում որոշակի բացեր կան։ Հիմա այդ երևի պիտի խնդրենք, որ տնտեսվարողներին ժամանակ տրամադրեն բացերը լրացնելու համար»,–ասաց Պապոյանը՝ նշելով, որ ծաղիկների արտահանման խնդիրների մասին հարցերի հասեցատերը Սննդի անվտանգության տեսչական մարմինն է։
Անդրադառնալով ծիրանի արտահանման խնդիրներին, Գևորգ Պապոյանը նշեց, որ արդեն 1750 բեռնատար ծիրան է արտահանվել Հայաստանից, մի քանի հարյուր մեքենա էլ դեռևս ճանապարհին է։
«Որոշ քանակի ծիրան սառնարաններում կա, նաև բարձրադիր գոտիների ծառերի վրա։ Ըստ էության, ծիրանի հարցը համարում եմ փակված, որովհետև չի եղել այնպիսի ծիրան, որը կարող էր արտահանվել ՀՀ–ից և չի արտահանվել»,–հավելեց նախարարը։
Գևորգ Պապոյանը նշեց, որ չի մոռացել այն մասին, որ գյուղերի բնակիչներին խոստացել են փոխհատուցում տրամադրել կարկուտի հետևանքով վնասված բերքի համար, և առաջիկայում այդ հարցը լուծում կստանա։


