շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Հանքանյութ արտահանող երկրից մենք պետք է դառնանք հանքարդյունաբերական արտադրանք արտահանող երկիր. վարչապետ

Հանքանյութ արտահանող երկրից մենք պետք է դառնանք հանքարդյունաբերական արտադրանք արտահանող երկիր. վարչապետ

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի 95%-ը մետաղական հանքեր են և այս ոլորտում մենք ունենք թե՛ մեծ հնարավորություններ, թե՛ մեծ մարտահրավերներ։ Այս մասին «Հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որպես լուրջ ձեռքբերում նա նշեց այն փաստը, որ վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարկային մուծումները ավելացել են շուրջ 140%-ով:

Մարտահրավերների շարքում վարչապետը նշեց հանքարդյունաբերական ոլորտը բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանեցնելը՝ հատկապես գալիք տարի ՀՀ-ում կայանալիք միջազգային բնապահպանական COP 17 ֆորումի ֆոնին։

Նա նաև ընդգծեց պոչամբարների վերամշակման անհրաժեշտությունը, ինչը մեծ բնապահպանական և տնտեսական նշանակությիւն ունի։ Վարչապետը ընդգծեց նաև հանքարդյունաբերական ոլորտում արտադրականության շղթան երկարացնելու անհրաժեշտությունը՝ այսինքն հանքանյութը արտահանելու փոխարեն, այն ՀՀ-ում վերամշակելու, ինչու ոչ դրանից արտադրանք ստանալու խնդիրը։ 

Վարչապետի հավաստամամբ այս խնդրի լուծմանը մեծապես կնպաստի կոմունիկացիաների բացումը և խաղաղության հաստատումը։ Նա նաև շեշտեց հանքարդյունաբերական ոլորտում նոր ուսումնասիրություններ կատարելու և նոր հանքավայրեր գտնելու անհրաժեշտությունը։ Ըստ վարչապետի շատ ակտուալ է նաև որակյալ կադրերի և ընդհանուր առմամբ աշխատուժի խնդիրը, քանզի հանքարդյունաբերությունը գիտատար ոլորտ է։

«Այս խնդիրների լուծումից է կախված ՀՀ-ի հետագա զարգացման տեսլականը և որակը», - եզրափակեց վարչապետը։

  • Կիսվել: