կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Համաշխարհային հայկական գագաթնաժողովը բացառիկ առիթ է ամրապնդելու Հայրենիք-Սփյուռք կապերը. փոխվարչապետ Մաթևոսյան

Համաշխարհային հայկական գագաթնաժողովը բացառիկ առիթ է ամրապնդելու Հայրենիք-Սփյուռք կապերը. փոխվարչապետ Մաթևոսյան

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է համաշխարհային հայկական գագաթնաժողովին:

Ողջունելով աշխարհի 5 տասնյակից ավելի երկրներից ժամանած միջոցառման մասնակիցներին՝ փոխվարչապետը գոհունակությամբ է նշել, որ աշխարհի հարյուրավոր համայնքներից Երևան ժամանած հայրենակիցների մասնակցությունը հայկական աշխարհի համախմբմանն ուղղված այս կարևոր միջոցառմանը հնարավորություն է տալիս միասին քննարկելու, գտնելու ու մշակելու Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի շարունակական զարգացման նոր հնարավորությունները, փոխգործակցության շահավետ ձևաչափերը, մատնանշելու առաջնահերթություններն ու կյանքի կոչելու հայանպաստ ծրագրերը:

«Ժամանակակից աշխարհը, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, թևակոխել է գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջան, որում առկա են լրջագույն մարտահրավերներ՝ սկսած անվտանգային խնդիրներից մինչև ինքնության պահպանում, տնտեսական զարգացման իրողություններից մինչև դրանց հաղթահարմանն ուղղված նորարար լուծումներ առաջարկելու անհրաժեշտություն»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը և այդ համատեքստում ընդգծել, որ միմիայն Հայաստանի Հանրապետության, Արցախի և աշխարհասփյուռ հայության ջանքերի համախմբման շնորհիվ կարող ենք հաղթահարել ներկա մարտահրավերները, նոր որակ հաղորդել և ինստիտուցիոնալ նոր մակարդակի հասցնել գործակցությունը՝ դրան հաղորդելով հայաստանակենտրոն ու ռազմավարական բնույթ:

Ելույթի ավարտին փոխվարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ համաշխարհային հայկական գագաթնաժողովը բացառիկ առիթ է ամրապնդելու Հայրենիք-Սփյուռք կապերը, լսելի դարձնելու Սփյուռքի համայնքների ձայնը, փոխանցելու այն կարևոր ուղերձը, որ Սփյուռքը Հայաստանի ամուր հենարանն ու հուսալի գործընկերն է, և որի վառ ապացույցը լայն թափով տեղի ունեցող հայրենադարձության գործընթացն է և կապիտալի ներհոսքը, ինչն էական է երկրի տնտեսական ցուցանիշների և ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյուններից:

  • Կիսվել: