«Համաձայնության ենք եկել, այդ թվում ռուսական կողմի հետ».ՍԱՏՄ ղեկավարը մանրամասներ հայտնեց ծաղկեգործների հետ հանդիպումից
Մենք պայմանավորվել ենք տնտեսվարողների հետ գնալ հետևյալ ճանապարհով, մենք ունենք մարզային կենտրոններ, բոլոր մեր մարզային կենտրոնի բուսասանիտարները արագացված տեմպերով կմտնեն, կանեն աուդիտ մեր ջերմոցներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով նրան, որ հայ ջերմոցատերերը չեն կարողանում ռուսաստան արտահանել իրենց աճեցրած ծաղիկը եւ հսկայական կորուստներ են կրում։
«Որտեղ կլինեն խնդիրներ, իրենց ֆիտոսանիտարական սերտիֆիկատ չի տրվի, որը նորմալ է ամբողջ աշխարհում և չպետք է տրվի։ Որոնց մոտ չեն հայտնաբերվի հիվանդություններ, մենք ամեն օրվա ռեժիմով իրենց նամակ ենք գրելու, խնդրենք, որ հաստատեն, հաստատումից հետո ամեն օրվա ռեժիմով ինչ-որ մի խմբաքանակի՝ ծավալից կախված, լուծում ենք գտնելու։
Բայց պայմանավորվածությունը եղել է հստակ՝ ֆիտոսանիտարական սերտիֆիկատները տրվելու են, քանի որ մենք ենք երաշխավորել, չնայած մեծ հաշվով մեր գործը չի, բայց վերցրել ենք նման պատասխանատվություն, ֆիտոսանիտարական սերտիֆիկատը կտրվի, մինչև վերջնական փակած, կնքած չներկայացվի կառույցին, հաջորդը չի տրվելու։ Բոլորը եկել են համաձայնության»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ մինչեւ այդ ստուգումներն անեն, ծաղիկները փչանում են, Տիգրան Պետրոսյանն ասաց. «Մենք այդ ստուգումը, որ արել ենք 12 կազմակերպությունում, դա արվում էր ռուսական կողմի հետ։ Այո, դժվար է ամբողջ Հայաստանի Հանրապետության ջերմոցները անել, բայց հիմա մենք խնդրել ենք մեր երաշխավորության տակ վերցնելով Հանրապետության բոլոր մարզային կենտրոնները գործելու են, այսինքն արդեն լինելու է ոչ թե մի խումբ, այլ 11-12 խումբ, որոնք երկրի ամբողջ տարածքով մեկ ամեն օրվա ռեժիմով աշխատելու են։
Մարդիկ, որոնք այստեղ էին, արդեն տվել են իրենց ջերմոցների հասցեներն ու կոնտակտային համարները, որ մենք կարողանանք որևէ մի տեղից սկսել։ Ինչքան շուտ այս ամեն ինչը ավարտենք, այդքան արագ լուծումը կգտնենք։
Մենք ռուսական կողմին վստահեցրել ենք, որ մենք լինելու ենք թափանցիկ և մեր տված ֆիտոսանիտարական սերտիֆիկատը լինելու է հավաստի։ Դրանից հետո պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ բերեք փորձենք, մենք սխալվելու իրավունք չունենք։ Եթե որևէ մի տեղ հայտնաբերվեց այդ տրիպս կոչվածը կամ որևէ այլ հիվանդություն, հստակ չի տրվելու սերտիֆիկատը։ Ռուսական կողմի համաձայնությունը եղավ»։
Ինչ վերաբերում է նրան, որ տնտեսվարողները նշում են, որ ջերմոցները պետք է ինչ–որ պահանջների համապատասխանեն, որի հնարավորությունն իրենք չունեն, Տիգրան Պետրոսյանն ասաց. «Երեկ նույն խոսակցությունը ունեցել ենք ռուսական կողմի հետ։ Ի սկզբանե այնպես չի դրված, որ պետք է լինի պարտադիր ջերմոց ու պետք է լինի պարտադիր այսպես, այդ նույն ծաղիկը կարող է աճեցվել բաց դաշտում, բաց գրունտի վրա։ Կարևորը ծաղիկը լինի առողջ ու առանց վնասատուների։ Բացարձակ հովացման խնդիր չկա, եթե ծաղիկը առողջ է, հիմա ինքը ունի հովացում, թե չունի, կարևոր չէ։ Մենք նայում ենք վերջնական պրոդուկտը»։
Ջերմոցը կարող է ընդհանրապես սառնարան չունենա էլ, ինքը կարող է այդ ծաղիկը քաղի, տանի երեք կիլոմետր այն կողմ, ինչ-որ մի վարձակալած սառնարանում դնի։ Դա ծաղիկի որակի ու սանիտարական վիճակի հետ բացարձակ ոչ մի կապ չունի»։



