կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Համաձայնագրի վավերացումը կնպաստի մեր երկրում տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման լիարժեք ներդրմանը

Համաձայնագրի վավերացումը կնպաստի մեր երկրում տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման լիարժեք ներդրմանը

Հայաստանում նախատեսվում է ներդնել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման եռաստիճան համակարգ. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Նրա խոսքով համակարգի ներդրման նպատակով Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կողմից մշակվել է նվազագույնը 4 չափորոշիչ: «Ըստ երկրների զեկույցների փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրով նախանշված տեղեկությունների փախանակումն այդ չափորոշիչներից է:

Փաստաթղթով նախատեսվում է, որ բազմազգ կազմակերպությունն իր գրանցման ռեզիդենտության երկրի հարկային մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն ամբողջ խմբի վերաբերյալ: Հարկային մարմինն այդ տվյալները փոխանակում է այն երկրների հարկային մարմինների հետ, որտեղ խումբն ունի գործող ընկերություններ եւ ձեռնարկություններ: «Չափորոշիչով նախատեսված է, որ տեղեկությունները փոխանակվում են այն դեպքում, երբ խմբի տարեկան համախառն եկամուտը կազմում է ավելի քան 750 մլն եվրո»,- ընդգծել է Աշոտ Մուրադյանը եւ հավելել, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի միջազգային հարկային թափանցիկությանը, տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման լիարժեք ներդրմանը:

 

Բանախոսը տեղեկացրել է, որ Հայաստանում այս պահին առկա չէ նման կազմակերպություն, ուստի մեր երկիրը կլինի միայն տեղեկատվություն ստացող:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը:

Համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է հունվարի 15-ի ԱԺ նիստում:

  • Կիսվել: