հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է ՇՄՆ ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում

Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է ՇՄՆ ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում

Այսօր՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարան ՊՈԱԿ-ում։

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը և նախարարի խորհրդական Պարույր Սիմոնյանը։

Նախարարը շրջել է թանգարանի ցուցասրահներում և ծանոթացել թանգարանում ներկայացված Հայաստանի տարածքի լանդշաֆտային բազմազանության, բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ (էնդեմիկ) ներկայացուցիչների ցուցանմուշներին։

«Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ը հանդիսանում է մեր տարածաշրջանում գործող միակ համալիրային թանգարանը: Թանգարանի ‎‎ֆոնդերում առկա են ավելի քան 6500 ցուցանմուշներ: Չորս սրահներում ցուցադրվում են ‎ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ։ Հավաքածուն արտացոլում է մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը։

Մշտապես գործող ցուցադրությունից զատ թանգարանում բազմիցս գործում են ցուցահանդեսներ, պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն է բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը և ակտիվ մասնակցությունը էկոլոգիական խնդիրների լուծման գործում:

Շրջայցից հետո նախարարը խորհրդակցություն է անցկացրել թանգարանի աշխատակիցների հետ։

Նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհավորել է գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ և իր գոհունակությունն հայտնել որակյալ աշխատանքի և այն նվիրումի համար, որով նրանք ամեն օր շարունակում են հարյուրավոր քաղաքացիների ծանոթացնել մեր երկրի բնության յուրահատկություններին ու ընդերքի հարստությանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին, նախարարը գործընկերների հետ քննարկել է թանգարանի արդիականացման ու զարգացման առկա հնարավորությունները, շենքային պայմանների բարելավման վերաբերյալ հարցեր։

 
 

  • Կիսվել: