հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անհրաժեշտ անհետաձգելի բուժօգնությունը չի հերթագրվում, մնացած դեպքերում քաղաքացին պետք է սպասի իր հերթին. Ավանեսյան

Անհրաժեշտ անհետաձգելի բուժօգնությունը չի հերթագրվում, մնացած դեպքերում քաղաքացին պետք է սպասի իր հերթին. Ավանեսյան

Առողջապահության նախարարության ծրագրերով դիմելիությունն ամեն տարի աճում է. սա մի կողմից հետեւանք է թե կովիդի, թե պատերազմի, թե նաեւ կապված է վերջին տարիներին մեծացված ծրագրային փաթեթների հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապհության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երբ, օրինակ, քաղցկեղի դեմ ծրագրի շրջանակներում մենք ավելացրինք անվճար վիրաբուժական միջամտությունները, դրանց ծավալը գնահատելը շատ դժվար էր, որովհետեւ նախորդիվ վիճակագրական տվյալները ստույգ չէին եւ մենք երեք տարի է՝ ունենք դիմելիության ավելացում: Սա, իհարկե, խոսում է այն մասին, որ ծրագրերն աշխատում են, մարդիկ դրանցից օգտվում են եւ պետպատվերի շրջանակներում ծառայությունների ստանալը դառնում է շատ կարեւոր ու պահանջված»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք նախարարությունը լրացուցիչ վերաբաշխումներ կունենա, թե ոչ, նախարարը պատասխանեց, որ այս պահին այդ հարցը քննարկում են ֆինանսների նխարարության հետ. «Այո, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնության ողջ ծավալը պետպատվերի շրջանակներում փոխհատուցվի: Բայց պլանային հետազոտությունները եւ պլանային վիրաբուժական միջամտություններն ու ընդհանուր առմամբ բուժօգնությունը հերթագրման համակարգով է արվում եւ արվելու: Այո, ըստ անհրաժեշտության մարդը կդիմի բժշկական կենտրոն, եւ հերթագրման սկզբունքով կօգտվեն: Հաջորդ տարվանից հերթագրման համակարգը դառնում է մեկ միասնական, թափանցիկ, վերահսկելի, որ այս մասով էլ չունենանք հերթից դուրս սպասարկում, հերթերի ոչ ճիշտ կառավարում, մեկ հիվանդանոցում ամբողջական սպառում, իսկ մեկ այլ հիվանդանոցում ծռայությունների չսպառում: Ավելի վերահսկելի պատկեր կունենանք:

Այո, մարդիկ պետք է սպասեն պետպատվերի իրենց հերթին եւ ըստ հերթագրման սկզբունքի կստանան անհրաժեշտ բուժօգնությունը: Անհրաժեշտ անհետաձգելի բուժօգնությունը չի հերթագրվում, եթե մարդը կարիքն ունի, հենց այդ պահին էլ կստանա հիվանդանոցում բուժօգնություն»:

  • Կիսվել: