շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի Շիրակի մարզով անցնող հատվածում հիմնանորոգումներ են

Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի Շիրակի մարզով անցնող հատվածում հիմնանորոգումներ են

Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության 75 կմ երկարության ավտոճանապարհի մոտ 45 կիլոմետրն անցնում է Շիրակի մարզի տարածքով։ Ավտոմայրուղում երկրորդ տարին է հիմնանորոգումները հատվածային են։ Կապիտալ նորոգումների ենթարկվել է ավելի քան 10 կմ ճանապարհահատված։

2 կմ  երկարության հատվածը, որն անցնում է Շիրակի մարզի Բագրավան գյուղի վարչական տարածքով, համարվում է մայրուղու երթևեկության համար վտանգավորներից մեկը, որտեղ ընթացիկ նորոգումներ 2008 թվականից հետո չեն կատարվել։

«Ճանապարհն ամբողջությամբ շատ վատ վիճակում է գտնվում, բայց առավել վատ է այս գյուղի հատվածը։ Դրա համար սկզբից որոշեցինք կատարել էս հատվածը, որպես վտանգավոր, բացի դա, այս համայնքի ժողովրդի համար լավ կլինի շահագործելը»,- ասում է «Եվրոասֆալտ» ՓԲԸ աշխղեկ Գևորգ Գևորգյանը։

 

Շինտեխնիկան քանդում է մնացած ասֆալտաշերտը, որը 2008 թվականին է փռվել, դրանից գրեթե ոչինչ չի մնացել։ Այն հիմնականում համարվում է բեռնատար ու ծանրաքաշ մեքենաների ճանապարհ, իսկ ձմռան ամիսներին այլընտրանքային նաև Գյումրի -Երևան ճանապարհին։ Շինաշխատանքների համար մայրուղին երթևեկության համար միակողմանի բաց է, քարուքանդ ճանապարհով հենց բեռնատարների երթևեկն էլ այս օրերին բավական ակտիվ է, երբեմն խցանումներ են լինում։

«Ճանապարհը շատ կարևոր ռազմավարական նշանակության է, որը սահմանամերձ գյուղերն է իրար կապում, նաև՝ Վրաստանը Հայաստանին, հիմնականում Բավրայի մաքսակետից մեծ բեռնատար մեքենաները էս կողմերով են անցնում»,- նշում է Բագրավանի վարչական ղեկավար Արտյոմ Պետրոսյանը։

Շինարարը չի նախատեսում հիմնանորոգումների ընթացքում ճանապարհը փակել։ Միակողմանի երթևեկություն սահմանելով կշարունակեն աշխատանքները։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կտեղադրվի ասֆալտբետոնե նոր ծածկ, մայթերի կառուցում ևս կա։

Հանրապետական նշանակության այս ճանապարհը հիմնականում Գյումրիին կապող միակ ուղին է Անիի տարածաշրջանի մեկ տասնյակից ավելի գյուղերի համար։ Քանդված ճանապարհի պատճառով ուղևորատար տրանսպորտը հրաժարվել է սպասարկել տասնյակ գյուղերի բնակիչներին։ Գյուղաբնակներն արդեն խոսում են նորոգումից հետո ճանապարհի տնտեսական նշանակության մասին։

«Գյուղում առևտրականներ են գալիս, գյուղատնտեսական մթերքներ են բերում մեքենաներով, բայց որ էս ճանապարհների վիճակը գնալով ավելի վատացավ, էլ չէին գալիս, մթերք չէին բերում, կամ էլ, որ բերում էին, արդեն թանկ էին վաճառում»,- նշում է Արտյոմ Պետրոսյանը։

Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին երթևեկության համար վտանգավոր հատվածներ էլի կան, ընդհանուր՝ մոտ 30 կմ։ Դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերը դեռ նախորդ տարվանից են պատրաստ։ Այս տարվա պետական բյուջեի կապիտալ ծախսերի ծրագրով մոտ 4 մլրդ դրամ է հատկացվել, որով հիմնանորոգվելու է ոչ միայն Բագրավանի 2 կմ-ոց հատվածը, նաև Ջրափիից մինչև Գուսանագյուղ՝ մոտ 15 կմ-անոց հատվածը։ Այն նախորդ տարի հիմնանորոգված Սարակապից մինչև Ջրափի ճանապարհահատվածի շարունակությունն է լինելու։

«Մեր մարզից այս տարի կառուցվելու է 14,9 կմ,է որի աշխատանքները Գուսանգյուղից մինչև Ջրափի ճանապարհահատվածն է, և ևս 14,25  կմ՝  Բագրավան գյուղից մինչև Արագածոտնի մարզի բնակավայրեր։ Ընդհանուր շուրջ 29․5 կմ  երկարության ճանապարհահատված կհիմնանորոգվի այս տարի,- նշում է  Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

Մարզի տարբեր հատվածներում արդեն ընթացքի մեջ են միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների շինաշխատանքները, ևս 3-ի համար նախագծանախահաշվային փաստաթղթերն են կազմվում։

Այս տարվա համար նախատեսված կապիտալ նորոգումներն ավարտելու արդյունքում Գյումրի-Արմավիր ավտոմայրուղու Շիրակի մարզով անցնող մոտ 50 կմ ճանապարհից, քանդված վիճակում կմնա մոտ 10 կմ-ը։ Այս տարի միայն պետական բյուջեի կապիտալ ծախսերի ծրագրով Շիրակի մարզում կիրականացվի շուրջ 10 մլրդ դրամի ճանապարահաշինություն։

 

 

 

  • Կիսվել: