շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրից օգտվել է շուրջ 260 տնտեսություն

Գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրից օգտվել է շուրջ 260 տնտեսություն

2022 թվականի 1-ին կիսամյակում Լոռու մարզում «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրից օգտվել է շուրջ 260 տնտեսություն՝ ընդհանուր 335 միլիոն ՀՀ դրամ վարկային գումարի չափով:

Պետական աջակցության ծրագրից լոռեցիներն օգտվում են հիմնականում անասնապահության, բուսաբուծության, մեղվաբուծության ոլորտները զարգացնելու համար:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ վերոհիշյալ ծրագրից օգտվող Վանաձոր խոշորացված համայնքի Դարպաս բնակավայրի շահառուների հետ հանդիպել է  Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը:

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Դարպասի ֆերմերների գործունեությանն, այդ թվում վարկերի նպատակային և արդյունավետ օգտագործմանը և նրանց տեղեկացնել պետական աջակցության նոր ծրագրերի և հնարավորությունների մասին:

Դարպաս բնակավայրն ունի 2000 բնակիչ, պետական աջակցության ծրագրերից այստեղ օգտվել է շուրջ 100 ընտանիք:

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի վարկերն այժմ տրամադրվում են 14 տոկոս տոկոսադրույքով, որից 9 տոկոսը սուբսիդավորում է ՀՀ կառավարությունը, գյուղատնտեսը փաստացի օգտվում է 5 տոկոս տոկոսադրույքով վարկից՝ 3-15 միլիոն ՀՀ դրամի չափով, առավելագույնը 3 տարի ժամկետով:

Ա. Շահվերդյանը տեղեկացրել է, որ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը գործելու է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը և հորդորել է այս մասին ակտիվորեն տեղեկացնել մյուս ֆերմերներին, որպեսզի օգտվեն ընձեռված հնարավորությունից և իրենց տնտեսություններում շահավետ ներդրումներ կատարեն:

Նա հայտնել է նաև աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության մասնակի փոխհատուցման ծրագրի մասին՝ կոչ անելով օգտվել նաև այս հնարավորությունից:

  • Կիսվել: