չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Գործադիրն առաջարկում է չեղյալ համարել նույնանուն երկու օրենքներում լրացումներն ու փոփոխությունները

Գործադիրն առաջարկում է չեղյալ համարել նույնանուն երկու օրենքներում լրացումներն ու փոփոխությունները

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-495-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղակավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված է 2022 թվականի հունվարի 1-ը: Երկրորդ օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված է, որ 2022 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:

2021 թվականի մայիսի 26-ին ընդունված ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 2-5-րդ հոդվածներով ևս կարգավորվում են տվյալ իրավահարաբերությունները, սակայն նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ այդ կարգավորումները գործելու են Կառավարության սահմանած կարգերն ուժի մեջ մտնելու պահից, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի դեկտեմբերի 30-ը: Նշվել է, որ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով Կառավարությունն առաջարկում է չեղյալ ճանաչել վերոնշյալ օրինագծերը:

Նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Հարցն առաջիկա հերթական նիստում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:

Հիմնական զեկուցողների բացակայության պատճառով մինչև 2 ամիս ժամկետով հետաձգվել է օրակարգում ընդգրկված մի շարք նախագծերի քննարկումը:

Հանձնաժողովականները երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական դիրքորոշում են ներկայացրել երկու օրենսդրական փաթեթի և մեկ օրինագծի վերաբերյալ:

  • Կիսվել: