հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գեղարքունիքում կկառուցվի գերժամանակակից վարդերի ջերմոց. Կստեղծվի 70 նոր աշխատատեղ

Գեղարքունիքում կկառուցվի գերժամանակակից վարդերի ջերմոց. Կստեղծվի 70 նոր աշխատատեղ

Կառավարությունն իր այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԳԵՎՄԻԿ» ՍՊԸ-ին:

Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով ՀՀ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է կառուցել գերժամանակակից ջերմոցային համալիր՝ վարդերի աճեցման համար։ Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին։

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․56 մլրդ դրամի ներդրում ջերմոցների և վարդի տնկիների ձեռքբերման համար, ինչպես նաև 661 մլն դրամի ներդրում հողային կոմունիկացիոն և մոնտաժային աշխատանքների իրականացման համար։

Նախորդ ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցված ջերմատան համար ստեղծվել է 70 նոր աշխատատեղ՝ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներկայումս նոր կառուցվող ջերմոցային համալիրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ևս 70 նոր աշխատատեղ՝150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․56 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 78 մլն դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՓԻՄԵԴ» ՍՊԸ-ին, որի կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կառուցել նոր արտադրական տարածքներ, իսկ ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել դեղերի արտադրության համար։

Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 2․8 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների, հումքի ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 173 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներումմինչև 2026 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել 225-ի՝ 230-260 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․59 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 80 մլն դրամ։

  • Կիսվել: