հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գեղարքունիքում գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման խնդիրը կարգավորման ընթացքում է

Գեղարքունիքում գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման խնդիրը կարգավորման ընթացքում է

Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստի օրակարգում ընդգրկված է եղել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման հարցը։

 

Հարցի շուրջ զեկուցել է  Գեղարքունիքի մարզպետարանի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի պետ Մարատ Ղուրշուդյանը։  Զեկուցողի տեղեկացմամբ՝  Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ մարզի բոլոր համայնքների ղեկավարներին 2022 թվականի հունիս ամսին առաջարկվել էր ՀՀ օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների խախտումներով օգտագործվող հողամասերի համար կնքված վարձակալական պայմանագրերի վաղաժամկետ լուծում։ 

«2022 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ   համայնքների ղեկավարների համապատասխան որոշումներով լուծվել են  ընդամենը  1728.6 հեկտար հողատարածքների համար կնքված վարձակալական պայմանագրեր, որոնցից այս պահի դրությամբ վարձակալության են տրամադրվել 839 հեկտար հողատարածքներ, մնացած 889.6  հեկտար հողատարածքների համար մրցույթները հայտարարվելու են 2023 թվականի գարնանը: 2022 թվականին մարզի համայնքների խոշորացումից հետո չեն ավարտվել դեռեւս վարձակալության չտրամադրված կամ առանց վարձակալական պայմանագրերի օգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի գույքագրումը եւ քարտեզագրումը, որոնց արդյունքում սահմանված կարգով պետք է հայտարարվեին վարձակալության տրամադրման մրցույթներ: Առաջարկվում է՝ հնարավորինս սեղմ ժամկետներում առաջնահերթ կատարել համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերի քարտեզագրման աշխատանքները եւ հայտարարել մրցույթներ, որոնց մասին հայտարարություններում խոտհարքների եւ արոտավայրերի համար որպես պարտադիր պայման ներառել համապատասխան անասնագլխաքանակի առկայության մասին տեղեկանքը։ Բացի այդ, խոշոր վարձակալներից ոմանք ունեն միլիոնավոր դրամների հասնող ապառքներ, միաժամանակ չունեն համապատասխան անասնագլխաքանակ, որը սահմանված է օրենքով, ուստի պետք է դադարեցվեն նրանց հետ կնքած պայմանագրերը»-նշել է զեկուցողը:

 

Ամփոփիչ  խոսքում խնդրին անդրադարձել է նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Մեր ունեցած վարելահողերը, արոտները եւ խոտհարքերը հնարավորություն են տալիս բազմաքանակ անասնագլխաքանակ ունենալու, սակայն մեր ունեցած անասնագլխաքանակը նկատելիորեն քիչ է այդ հնարավորությունների դիմաց։ Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ այդ ամենը գալիս է գյուղատնտեսական նշանակության հողերի ոչ նպատակային օգտագործումից։ Ժամանակի ընթացքում արոտները խոտհարքերը  կամ վարելահողերը  վարձակալել են մարդիկ, ովքեր չեն ունեցել համապատասխան անասնագլխաքանակ, իսկ փոխարենը անասնագլխաքանակ ունեցող մարդիկ իրենց տնտեսությունները չեն կարողանում զարգացնել գյուղնշանակության հողեր վարձակալելու հնարավորություն չունենալով։ Այս մոտեցումը պիտի արմատապես փոխվի եւ իրավիճակը հնարավորինս արագ շտկվի»,-հրահանգել է մարզպետը։

  • Կիսվել: