շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջեւանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Ալին Դեսարզինին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության առողջապահության ոլորտի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանին եւ կրթության հասանելիության մասնագետ Մանուկ Խաչատրյանին: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,   

Հանդիպման սկզբում Էլիան Շահվեյնը  թիմի անունից շնորհակալություն է հայտնել` նման ձեւաչափի հանդիպում կազմակերպելու համար: Գեղարքունիքի մարզպետը հյուրերին ներկայացրել է  մարզի սահմանամերձ բնակավայրերի վիճակը անվտանգության,  կրթական, նախակրթական,  առողջապահական,  սոցիալ-տնտեսական եւ այլ  ոլորտներում, ՀՀ կառավարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից նշված բնակավայրերում իրականացվող աշխատանքները:  «Ելնելով պետություն-համայնք համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու գործընթացից` մեր առաջնահերթ նպատակն է կարեւորագույն ծրագրերը հասցնել սահմանամերձ բնակավայրեր եւ ավելի մեծ թվով գումարներ ուղղել  նշված բնակավայրերի սոցիալական վիճակի բարելավման համար»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը:

ԿԽՄԿ  ենթապատվիրակության ղեկավարը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրել է  ԿԽՄԿ-ի  կողմից 2020 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով Վարդենիսի տարածաշրջանի  սահմանամերձ բնակավայրերում իրականացրած աշխատանքներն ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, որոնք  ընդգրկում էին պաշտպանության, առողջապահության, կրթության եւ տնտեսական անվտանգության ոլորտները:

«Սահմանամերձ բնակավայրերում  անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով` մենք առաջին հերթին  ցուցաբերել ենք մարդասիրական օգնություն` տնտեսություններին տրամադրելով սնունդ: Սահմանամերձ բնակավայրերի դպրոցներին աջակցել ենք հեռավար կրթության հասանելիության ապահովման, պաշտպանական միջոցառումների իրականացման, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման, առաջին եւ անհետաձգելի բուժօգնության տրամադրման կազմակերպման ուղղությամբ: Տնտեսական անվտանգության նկատառումներից ելնելով`  իրենց բնակարաններում արցախցիներին հյուրընկալած  գեղարքունիքցի 210 ընտանիքների տրամադրել ենք դրամական աջակցություն, իսկ սահմանամերձ 6 համայնքների 409 տնտեսությունների՝ 250 հազար դրամ աջակցություն՝ անասնակեր եւ վառելիք ձեռք բերելու համար»,- նշել են  ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները:   

Կողմերը քննարկել են  նաեւ առաջիկա համատեղ անելիքները, որոնք  ուղղված են Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիական բնակչության կարիքների արձագանքմանը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բարձր է գնահատել    Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով  մարզի սահմանամերձ բնակավայրերում  իրականացրած մարդասիրական ծրագրերը եւ հավաստիացրել, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է՝ իր ուժերի եւ լիազորությունների ներածին չափով աջակցել  կոմիտեին՝  նոր նախաձեռնությունների իրականացման հարցում: 

  • Կիսվել: