շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի համայնքներում կազմակերպվում են «Բուսաբուծության աջակցության ծրագրի» իրազեկման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կազմակերպվում են «Բուսաբուծության աջակցության ծրագրի» իրազեկման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները մարզի համայնքներում իրականացնում են «Բուսաբուծության աջակցության ծրագրի» իրազեկման աշխատանքներ։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նախորդ շաբաթվա ընթացքում իրազեկման աշխատանքները կազմակերպվել և անցկացվել են Վարդենիսի և Մարտունու համայնքապետարաններում, իսկ այս շաբաթվա ընթացքում դրանք կկանցկացվեն Գավառի, Սևանի և Ճամբարակի համայնքապետարաններում։

Հանդիպումներին մասնակցում են համայնքապետարանների աշխատակիցներ, ավագանու անդամներ, ֆերմերային կամ գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ։

«ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի հերթական նիստում որոշում կայացվեց՝ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հաստատել «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», որը կխթանի գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի հավաստագրված սերմերով մշակության իրականացմանը, մարզերում ցանքատարածությունների ավելացմանը։ Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով կփոխհատուցվի 70 000 դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 դրամ։

Հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով կփոխհատուցվի  100 000 դրամ, բազմամյա խոտաբույսերի 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 դրամ։ Ծրագրին մասնակցելու նպատակով մինչև ցանքն անհրաժեշտ է դիմել համայնքի կամ բնակավայրի ղեկավարին»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։  

  • Կիսվել: