շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Flyone Armenia» ընկերությունը 7 ամսվա մեջ հաղորդակցվել է 100 հազար մարդու հետ. Արամ Անանյան

«Flyone Armenia» ընկերությունը 7 ամսվա մեջ հաղորդակցվել է 100 հազար մարդու հետ. Արամ Անանյան

 «Flyone Armenia» ավիաընկերության հեռախոսազանգերի կենտրոնը հասանելի է, ընդ որում՝ ստացվող զանգերի բացարձակ մեծամասնությունը վայրկյանների ընթացքում լուծվող խնդիրներ են: Այդ մասին Մամուլի ազգային կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Flyone Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ անդրադառնալով հեռախոսազանգերի հետ կապված ուղևորների բողոքներին:

«Լոու քոսթ»-ի առանձնահատկությունը նաև այն է, որ այն կարևորագույն բիզնես գործընթացները շատ ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն է տալիս ավիաընկերությանը: Առցանց հաշվառումը մի քանի տարբերակներով հնարավոր է լինում իրականացնել թե՛ «դեսքթոփ» համակարգչով, թե՛ հեռախոսով, թե՛ հավելվածի միջոցով, այսինքն՝ այլընտրանքները, որոնք տրամադրվում են նաև ուղևորին, բազմաթիվ են, և եթե մի հնարավորությունը այդ պահին հասանելի չլինի՝ մյուս բոլոր հնարավորությունները հասանելի են: Միևնույն ժամանակ, հասանելի է մեր զանգերի կենտրոնը՝ ինչքան էլ ասեն, որ զանգերի կենտրոն դժվար են միանում: Ես խնդրել եմ վիճակագրությունը. մեր զանգերի կենտրոնը մեծ թվով զանգեր, իհարկե, ստանում է, բայց այդ զանգերի բացարձակ մեծամասնությունը վայրկյանների ընթացքում լուծվող խնդիրներ են, որոնք կարող էին նաև մեր ուղևորները լուծել: Մեր զանգերի կենտրոնը այդ խնդիրները լուծում է: Այն խնդիրները, որոնք որոշակի բարդություն են ներկայացնում, արդեն համապատասխան ծառայությունները գնում են այդ խնդիրների լուծման հետևից: Բայց հեռախոսազանգերի առյուծի բաժինը, որ մենք ստանում ենք, շատ արագ, օպերատիվ լուծվող խնդիրներ են, որոնք հնարավոր է լինում հաշված րոպեների ընթացքում լուծել», - մեկնաբանեց Արամ Անանյանը:

«Flyone Armenia»-ի ներկայացուցչի խոսքով՝ ավիաընկերության անձնակազմը 7 ամսվա ընթացքում հաղորդակցվել է մոտ 100 հազար մարդու հետ:

«Մենք այդքան մարդկանց հետ հաղորդակցվել ենք, այդքան մարդկանց տեղափոխել ենք Հայաստան և Հայաստանից դուրս, և իհարկե, այդ մարդկանց որոշակի տոկոսը ունի որոշակի մտահոգություններ: Ես, իհարկե, կուզենայի, որ այդ մարդկանց տոկոսը ձգտեր զրոյի և ընդհանրապես չլիներ: Դա նույնպես բնական է այսպիսի մեծ թվերի պարագայում: Բայց մեր նպատակը պիտի լինի այն, որ դա ոչ միայն ձգտի զրոյի, այլ ընդհակառակը՝ վստահության այն խնդիրները, որոնք կարող էին առաջանալ, վերջնականապես հաղթահարվեն», - հավելեց ասուլիսի բանախոսը:

  • Կիսվել: