ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եզրափակվել է Երևանի մարքեթինգի և գովազդի միջազգային 4-րդ ֆորումը

Եզրափակվել է Երևանի մարքեթինգի և գովազդի միջազգային 4-րդ ֆորումը

«Պոպոք» Երևանի մարքեթինգի և գովազդի միջազգային 4-րդ ֆորումը, որը  կազմակերպել էին Հայաստանի գովազդային խորհուրդը և Երևանի քաղաքապետարանը և որն անցկացվել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հատել է եզրագիծը:

ֆորումի շրջանակում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր մարքեթինգային, բրենդինգային և գովազդային ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները համախմբվել էին Երևանում՝ վարպետության դասերի, սեմինարների, քննարկումների և հարցազրույցների միջոցով հայաստանյան ընկերություններին ներկայացնելու իրենց լավագույն փորձը։

Ֆորումի օրերին վարպետության դասերով հանդես են եկել Ուզբեկստանի գովազդային խորհրդի նախագահ Անվար Յուլդաշևը (Ուզբեկստան), Մոլդովայի գովազդային խորհրդի նախագահ Գալինա Զաբլովսկայայան (Մոլդովա), Սոֆիայի համալսարանի պրոֆեսոր, մարքեթինգային հաղորդակցության, մարքեթինգային տրանսմեդիայի և մարքեթինգային սեմիոտիկայի մասնագետ Քրիստո Կաֆտանդջիևը (Բուլղարիա), Ogilvy Chech ընկերության ռազմավարության և խորհրդատվության բաժնի ղեկավար Ժիրի Ժոնը (Չեխիա), Cheil Worldwide-ի Հարավարևելյան Եվրոպայի մասնաճյուղի գործադիր, ստեղծագործական տնօրեն Միխայ Գոնգուն (Ռումինիա), Havas ընկերության տնօրեն Մալգորժատա Վեգիերեկ (Լեհաստան), հաղորդակցության մասնագետ, indaHash-ի փոխնախագահ Մաչեյ Լիսովսկին (Լեհաստան), լրագրող, հաղորդակցության փորձագետ Անդրզեյ Շոզդան (Լեհաստան), Wunder TDI CA համահիմնադիր Դմիտրի Գրիգորևը (Ղազախստան) և այլք։ Ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի մասնագետները։

Ֆորումի հատուկ թիրախավորման են արժանացել սպասարկման ոլորտի ներկայացուցիչները՝ հյուրանոցների և ռեստորանների ղեկավարները։ Մշակութային մենեջմենթին նվիրված վարպետության դասերի շարք է անցկացվել Հայաստանի մշակութային հաստատությունների՝ թանգարանների, թատրոնների, գրադարանների, համույթների ղեկավարները և մարքեթինգի պատասխանատուների համար։  

Երևանի մարքեթինգի և գովազդի միջազգային ֆորումի այս տարվա առանցքային նպատակը և ծրագրի կարևոր բաղադրիչը Երևանի բրենդի մշակման համար մասնագիտական նախապայմաններ ստեղծելն էր։

Ֆորումի շրջանակում առանցքային ուշադրության է արժանացել արհեստական բանականության՝ AI-ի կիրառումը ժամանակակից գովազդում և մարքեթինգում։

«Ուրախ ենք, որ հաջողությամբ իրականություն դարձրինք այս կարևոր միջոցառումը։ «Պոպոք» Երևանի մարքեթինգի և գովազդի միջազգային 4-րդ ֆորումը փորձի փոխանակման կարևոր հարթակ հանդիսացավ հատկապես հայ մասնագետների և ուսանողների համար, ովքեր իրենց գիտելիքները համալրելու հնարավորություն ստացան։ Ուրախ ենք հատկապես, որ ֆորումի հյուրերը հեռացան ամենաջերմ տպավորություններով՝ Հայաստանից տանելով ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև դառնալով մեր երկրի ընկերն ու բարեկամը»,-նշում է ֆորումի տնօրեն Մանուկ Նիգոյանը։

  • Կիսվել: