ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եվրոպայի ծանրամարտի առաջնությանն ընդառաջ կվերանորոգվի «Կիլիկիա» մարզադահլիճը. Հերթական «հրատապ մեկ անձից» գնումը

Եվրոպայի ծանրամարտի առաջնությանն ընդառաջ կվերանորոգվի «Կիլիկիա» մարզադահլիճը. Հերթական «հրատապ մեկ անձից» գնումը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում որոշվեց ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 24 մլն դրամ: Նախագծով նասխատեսվում է գումարը հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականին Հայաստանում անցկացվելու է Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հանձնարարվել է ուսումնասիրել «Կիլիկիա» մարզադահլիճը՝ ծանրամարտի մարզումային դահլիճների համար սահմանված միջազգային չափանիշներին համապատասխան մարզադահլիճ ապահովելու (հիմնանորոգելու) տեսանկյունից և ըստ այդմ ներկայացնել կապիտալ վերանորոգման աշխատանքների նախնական մասնագիտական եզրակացություն:

Հաշվի առնելով այն, որ մարզադահլիճը պետք է ծառայի 2023-ի ապրիլին Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար նախատեսվող միջոցառումներին՝ նախագծով առաջարկվում է նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերել «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով:

Հիմնանորոգման ենթակա մարզադահլիճի նախագծային լուծումները կներառեն հիմնական պահանջներ օբյեկտի սեյսմակայունության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, ներքին հաղորդակցման ուղիների (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման), օդափոխության, օդորակման, տեսահսկման համակարգերի   կառուցման/հիմնանորոգման, տարածքի բարեկարգման, գոյություն ունեցող շենքի և շինության հատակագծային լուծումների արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ հարդարման միջոցառումներ և այլն:

  • Կիսվել: