ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երկու բուժհաստատություններ կմիավորվեն եւ կստեղծվի «Երեւան» բժշկական կենտրոն

Երկու բուժհաստատություններ կմիավորվեն եւ կստեղծվի «Երեւան» բժշկական կենտրոն

Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտը կմիավորվի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի հետ: Համապատասխան որոշումն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ընդունվեց Երեւանի ավագանու նիստում։

Արդյունքում կստեղծվի «Երեւան» բազմապրոֆիլային ​​բժշկական կենտրոն։ Ամբողջ գործընթացը կտեւի մոտ մեկ տարի։

Որոշումը հիմնավորվում է նրանով, որ չնայած 2017-2021 թվականների պետպատվերի շրջանակում ծառայությունների ֆինանսավորման ծավալի աճին, Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտում միջոցները դեռեւս բավարար չեն հաստատության նորմալ գործունեությունն ապահովելու համար: Այս առումով անհրաժեշտություն է առաջացել միջոցներ ձեռնարկել ֆինանսական մուտքերն ավելացնելու ուղղությամբ։

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, ով վերահսկում է մայրաքաղաքի առողջապահության ոլորտը, ասաց, որ նոր ԲԿ-ում սարքավորումներ ձեռք բերելու համար բյուջեից կհատկացվի 600 մլն դրամ (մոտ 1,5 մլն դոլար-խմբ.)։

Նա հավաստիացրեց, որ կադրային կրճատում նախատեսված չէ, ուստի բոլոր աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատանքը։

«Ընդհանուր առմամբ այս տարի քաղաքի բուժհաստատությունների համար արդեն ձեռք է բերվել 230 մլն դրամի 30 միավոր բուժսարքավորում։ Բացի այդ, պոլիկլինիկաները ենթարկվելու են խորը թվայնացման»,- ասաց պաշտոնյան։

  • Կիսվել: