երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանում 2024-ին նախատեսվում է իրականացնել 55,3 կմ երկարությամբ ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ

Երևանում 2024-ին նախատեսվում է իրականացնել 55,3 կմ երկարությամբ ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ

Երևանում 2024 թվականին նախատեսվում է իրականացնել 55,3 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ: Ըստ այդմ՝ Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է նորոգել 5,3 կմ ճանապարհ, Կենտրոն վարչական շրջանում՝ 10,3 կմ, Նորք-Մարաշում՝ 4,4 կմ, Էրեբունիում՝ 7,8 կմ, Նուբարաշենում՝ 2,3 կմ, Քանաքեռ-Զեյթունում՝ 3,1 կմ, Ավանում՝ 4,4 կմ, Շենգավիթում՝ 3,4 կմ, Աջափնյակում՝ 8,5 կմ, Դավթաշենում՝ 1,3, Արաբկիրում՝ 600 մետր, Մալաթիա-Սեբաստիայում՝ 3,9 կմ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց շինարարության և բարեկարգման վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրան Գեղամյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ձգձգվել երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքները:

Քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ փոսալցման աշխատանքները մեկնարկել են անցած շաբաթվանից, ընթացքը գնահատվում է բավարար, և որ աշխատանքների մի մասը իրականացվում է գիշերային ժամերին:

«Կապալառուների հետ ունենք պայմանավորվածություն, որ պետք է 24 ժամվա ընթացքում բոլոր քանդած փոսերը մեր կապալառուները կարողանան հասցնել ասֆալտապատել, որպեսզի հնարավորինս քիչ անհանգստություն պատճառենք մեր քաղաքացիներին»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը և հավելեց, որ որոշ վարչական շրջաններում աշխատանքները կկատարվեն ցերեկվա ժամերին, իսկ մի մասում աշխատանքները կմեկնարկեն այսօր:

  • Կիսվել: