հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի «Նևրոզների կլինիկայի» կանոնադրական կապիտալը կավելանա ավելի քան 21 մլն դրամով

Երևանի «Նևրոզների կլինիկայի» կանոնադրական կապիտալը կավելանա ավելի քան 21 մլն դրամով

 «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը կավելանա ավելի քան 21 մլն դրամով: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել «Նևրոզների կլինիկան» և «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը միացնելու գործընթացը։
 
Նախատեսվում է, որ կենտրոնին միանալուց հետո կլինիկայի կողմից բնակչությանը մատուցվող նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները տեղափոխվելու են կենտրոն, որտեղ արդեն իսկ ավարտված է համապատասխան բաժանմունքի վերանորոգումը։
Սեփականության իրավունքով կլինիկային պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի անշարժ գույքը` 2299.8 քմ մակերեսով շենք-շինությունները, ավելի քան 17 մլն դրամ հաշվեկշռային արժեքով ամրացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Որոշման մեջ նշվում է, որ 2022 թ. ընթացքում կլինիկայի գործառնական վնասը գնահատվել է 22 մլն դրամ։
Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է 14 մլն դրամով, ինչը խոչընդոտում է միավորման գործընթացն ավարտին հասցնելու և մասնագիտացված ծառայությունների մատուցումը «Ավան» հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու համար։
ՀՀ առողջապահության նախարարը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պետք է ապահովի նշված դրամական միջոցների ներդրումն ընկերության կանոնադրական կապիտալում, ընկերության կանոնադրության փոփոխության հաստատումը և կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:

  • Կիսվել: