Երևանի մետրոպոլիտենը 43 տարեկան է
Երևանի մետրոպոլիտենը 43 տարեկան է. 1981 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը։
Այս մասին հայտնում է Երևանի Մետրոպոլիտենը՝ ֆեյսբուքի էջում հրապարակելով մետրոպոլիտենի բացման արխիվային կադրերը:
43 տարի առաջ Կարեն Դեմիրճյանին հաջողվել է Մոսկվայում ստորգետնյա տրամվայի որոշումը վերափոխել մետրոյի շինարարության որոշման։
Խորհրդային Միությունում մետրոպոլիտեն ունենալու հնարավորությունը խիստ սահմանափակ էր, և շուրջ 16 խոշոր քաղաք մերժում էր ստացել մետրոյի շինարարություն սկսելու հարցում։ Միջազգային պրակտիկայում ընդունված էր մետրո կառուցել 1 միլիոն և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում։ Այդ չափանիշով Երևանում ընդհանրապես մետրո չէր կառուցվի։
Կարեն Դեմիրճյանի հանձնարարությամբ պատրաստվել է «ստորգետնյա արագընթաց» տրամվայի փոխարեն մետրոպոլիտեն կառուցելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերը, որի արդյունքում 1981 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը։
Շահագործվել էր 5 կայարան՝ «Բարեկամություն» , «Մարշալ Բաղրամյան» «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», իսկ հետագայում՝ 1983թ. շահագործման են հանձնվել «Գործարանային» , 1984թ. ` «Շենգավիթ», 1986թ.՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», 1989թ.՝ «Զորավար Անդրանիկ» և 1997թ.՝ «Չարբախ» կայարանները։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը» ներկայումս ունի ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ (մեկ ուղղությամբ), 10 կայարան։