Երևանի բյուջեն 2022 թվականին կկազմի 94 միլիարդ 560 միլիոն դրամ
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանն ավագանու արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց քաղաքի 2022 թվականի բյուջեի նախագիծը: Ներսեսյանի խոսքով՝ բյուջեի նախագծի հիմքում ընկած են խնայողությունը, արդյունավետությունը, հավաստիությունը, հստակությունը և թափանցիկությունը:
«Երևանի 2022 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 94.5 միլիարդ դրամի չափով: Ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները կազմում են շուրջ 34.5 միլիարդ դրամ»,- ասաց Ներսեսյանը:
Խոսելով ծախսերի մասին՝ Ներսիսյանը նշեց, որ այն ծրագրվել է շուրջ 98.8 միլիարդ դրամ:
88 միլիարդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 10 միլիարդ 791 միլիոն դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվներով ծախսերին:
«Բյուջետային ծախսերի ծավալներում սոցիալական, առողջապահական, կրթական ծախսերի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 37.9 տոկոս, տրանսպորտի բնագավառին վերաբերող ծախսերին՝ շուրջ 18.6 տոկոս, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղվող ծախսերին՝ շուրջ 14.3 տոկոս»,- ասաց Ներսեսյանը:
Բյուջեի ծախսերի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: