շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանի բյուջեի եկամուտների գծով փաստացի մուտքերը 2022-ի նոյեմբերի համեմատ ավելի են եղել 8 մլրդ 373 մլն դրամով

Երևանի բյուջեի եկամուտների գծով փաստացի մուտքերը 2022-ի նոյեմբերի համեմատ ավելի են եղել 8 մլրդ 373 մլն դրամով

2023 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 38 միլիարդ 314 միլիոն դրամ: Նոյեմբերի համար նախանշված ցուցանիշը գերակատարվել է 3 միլիարդ 574 միլիոն դրամով, կատարողականը կազմել է 110,2 տոկոս: 2022 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ 8 միլիարդ 373 միլիոն դրամով ավելի է հավաքագրվել: Այդ մասին Երևանի քաղաքապետարան գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արման Ջհանգիրյանը:

Երևանի քաղաքապետարանն արձագանքեց, որ այս թվերը ևս մեկ առիթ են՝ անդրադառնալու Երևանի բյուջեին:

«Երևան քաղաքի բյուջեն իրապես թերհամալրված է և թերհամալրված է տասնամյակներով, և խոսքը միայն Երևան քաղաքի մասին չէ, այլ խոսքը ՀՀ-ի բոլոր քաղաքների մասին է, որոնք տասնամյակներով բյուջեի հետ կապված որոշակի խնդիրներ են ունեցել, և այս խնդիրները պետք է լուծվեն և պետք է լուծվեն ֆունդամենտալ կերպով»,- ասաց Ավինյանը:

Երևանի քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ առաջարկվող լուծումները կան, և որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆինանսների նախարարության հետ, որպեսզի փետրվարին ֆինանսական ապակենտրոնացման վերաբերյալ խորքային քննարկումներ արվեն:

«Այդ քննարկումները վստահաբար պետք է բերեն նրան, որ Երևան քաղաքը, և ոչ միայն Երևան քաղաքը, այլև ՀՀ բոլոր մնացած խոշորացված համայնքները պետք է ունենան միջոցներ, որպեսզի իրենց ենթակառուցվածքները կարողանան պահպանել, ոչ թե մաշեցնել: Եվ ես վստահ եմ, որ սա է այն ճանապարհը, որ ՀՀ բոլոր քաղաքներն ինտենսիվ կառուցապատման կանցնեն, և չենք տա տեղային լուծումներ, այլ կունենանք ինստիտուցիոնալ վերջնական համակարգ»,- ասաց նա:

  • Կիսվել: