երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Երևանի՝ 2025-2028 թվականների գործողությունների ծրագիրն ընդունվեց

Երևանի՝ 2025-2028 թվականների գործողությունների ծրագիրն ընդունվեց

Տեղական բաց կառավարումը գլոբալ գործընկերության հարթակի մի ենթաճյուղ է, որի շրջանակում անդամակցում են ավելի քան 70 երկրներ և ավելի քան 100 տեղական իշխանություններ աշխարհի տարբեր պետություններից: Երևանն այս հարթակում իր հանձնառությունը և անդամակցությունը ստանձնել է դեռևս 2022 թվականի մայիսին: Այդ մասին ավագանու՝ հունիսի 24-ի նիստին ասաց «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ ներկայացնելով «Երևան քաղաքի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության գործողությունների՝ 2025-2028 թվականների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը:

Ըստ Բաբայանի՝ ուրախալի է, որ Երևանն այդ գլոբալ համայնքի անդամ է, որովհետև հարթակը նաև հնարավորություն է տալիս քաղաքին գլոբալ գործընկերության շրջանակում աշխարհի տարբեր երկրների ու համայնքների հետ նեկայացնել Երևան համայնքի նորարարական մոտեցումներն ու բարեփոխումները:

Գործողությունների 1-ին ծրագիրն արդեն իսկ ներկայացվել է, այսօր 2-րդն է ներկայացվում, որը ենթադրում է 4 գործողություն՝ խիտ անելիքներով. հավաքվել է մոտ 200 առաջարկ:

Գործողություններից մեկը վերաբերում է մասնակցային բյուջետավորմանը, որը ենթադրում է այս պահի հայեցակարգային մոտեցմամբ թվային և այլ խողովակներով հանրության կողմից ծրագրերի, գաղափարների ներկայացում և ընտրություն: Կլինեն հստակ չափորոշիչներ, որոնք ի սկզբանե կհրապարակվեն:

«Ընտրված գաղափարները կդրվեն նաև հանրային քվեարկության: Քաղաքապետարանն ու քաղաքային իշխանությունը, մասնագիտական ստորաբաժանումները այս գործընթացի համար դեր են ստանձնելու՝ մոդերացիա իրականացնելու և մասնագիտական ու տեխնիկական աջակցություն տրամադրելու: Այսինքն՝ ստեղծվում է մի միջավայր, որտեղ հանրությունը կկարողանա մասնակցել և՛ ծախսերի պլանավորմանը, և՛ ծրագրերի առաջնահերթությունների ընտրությանը»,- ասաց նա:

Երևանի ավագանին նախագիծն ընդունեց 42 կողմ, 13 ձեռնպահ ձայներով:

  • Կիսվել: