երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էլ չի կրկնվի, խոստանում եմ՝ կուղղվենք. Փաշինյանը ՔՊ-ի նվիրատվությունների սկանդալի մասին

Էլ չի կրկնվի, խոստանում եմ՝ կուղղվենք. Փաշինյանը ՔՊ-ի նվիրատվությունների սկանդալի մասին

Ես շատ դառնացած եմ այդ թեմայով եւ ներողություն եմ խնդրում հանրությունից, նաեւ նվիրատուներից. Պրոբլեմ այո, կա, էլ չի կրկնվի, խոստանում եմ, որ կուղղվենք: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ 2022-ին ՔՊ-ի հանգանակության ժամանակ մարդիկ փող են փոխանցել, բայց հետո պարզվել է, որ այդ մարդիկ դրանից տեղյակ չեն:

«Ո՞ւր են գնում այդ փողերը, ինչ փողերի մասին է խոսքը, ինչ ծախսեր են դրանք, ինչու են թաքցվում, եթե դրանք այդ մարդիկ չեն փոխանցում: Ի՞նչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, եթե նախկին իշխանությունների օրոք նման հրապարակում լիներ, արդյոք չէր ասի, որ իշխանությունն այնքան փող ունի, որ 170 մլն դրամ փող է հատկացնում կուսակցության ծախսերին»,- հարց ուղղեց լրագրողը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը չէր կարող իմանալ, թե իշխող կուսակցության դրամարկղ գումար մտնում է, թե չի մտնում, նվիրում են, թե չեն նվիրում, որ մի հատ էլ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, առավելեւս լրագրող Նիկոլ Փաշինյանը կարող էր իմանալ, թե այդ ինչ անուն է, մի հատ էլ հեռախոսով զանգեր, հարցներ՝ այսինչ տեղը դուք փող փոխանցե՞լ եք, մի հատ էլ այնտեղից ասեին՝ այո, կամ ոչ:

Այս ամենի մասին այսօր ասվում է բացառապես այն պատճառով, որ մենք մեր օրենսդրությունը, այդ թվում կուսակցությունների մասին, այնքան ենք բարեփոխել, այնքան ենք թափանցիկ դարձել, որ մենք մեր փոխած օրենքը տվել ենք ձեզ որպես գործիք, որ զանգեք, գնաք նայեք, հանեք, հաշվեք: Այն, ինչ դուք անում եք, ընդդիմադիր քաղաքական գործիչ կամ լրագրող Նիկոլ Փաշինյանը հուր էլ դառնար, չէր կարող անել:

Երկրորդը, մենք բողոքում ենք, թե ինչու մեր կայացրած որոշումները չեն կատարվում: Իրականում դրա համար ժամանակ է պետք: Այն, ինչ դուք ասում եք, ինձ որպես կուսակցության ղեկավար եւ մեր կուսակցությանը շատ անհանգստացրել եւ անհանգստացնում է: Երբ մենք ուզում ենք գնալ պրոցեսների հետեւից, տեսնում ենք, որ շատ դեպքերում  մարդիկ ուղղակի այդպես վարվել են՝ չիմանալով, որ համակարգը այլեւս չի կարող այդպես աշխատել: Եթե լիներ չարամիտ կազմակերպված բան, կկազմակերպվեր այնպես, որ այդ բոլոր հարցերը չէին ծագի»:

Վարչապետի խոսքով, իրենք հիմա հետաքննություն են իրականացնում. «Իրավապահ մարմիններն էլ են հետաքննություն անում, թե արդյոք այդտեղ կա խնդիր, թե չկա: Այո, կա պրոբլեմ: Արդյո՞ք այդ պրոբլեմն այնպիսին է, որ հատել է  ՀՀ քրեական օրենսգրքի գիծը: Ակնհայտորեն ոչ, որովհետեւ նախաքննության մարմինները հանցակազմ չեն գտել այնտեղ: Բայց քաղաքական պրոբլեմ այդտեղ կա եւ ես որպես կուսակցության վարչության նախագահ ինձ պարտավորված եմ զգում, որ մենք կարգաբերվենք եւ տեղավորվենք մեր արած բարեփոխման շրջանակներում: Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք սխալական:

Կուսակցության ղեկավար մարմինը չի էլ ենթադրել, որ կարող են կազմակերպչական աշխատանքների մեջ լինեն թերություններ»,-ասաց նա:

Փաշինյանը խնդիրը դիտարկեց նաեւ այլ տեսանկյունից. «Իսկ ո՞վ է ասել, որ եթե ես որեւէ մեկին փող եմ տվել կամ նվիրատվություն եմ արել, ով ինձ զանգի, ասելու եմ՝ հա, ես էդ գումարը տվել եմ: Ընդ որում, այդ մարդիկ էլ, շատ դեպքերում կարող են իմացած չլինեն, որ հետո իրենց անունը հրապարակվելու է: Այդ ցուցակը մենք ենք ձեզ տվել, եթե մենք չտայինք, դուք որտեղի՞ց պետք է իմանայիք:

Կուսակցությունը ցավոք սրտի, չունի այդքան փող, որովհետեւ եթե ունենար, այս պատմությունների մեջ չէր ընկնի:

Հայաստանում, փաստորեն մենակ իշխող կուսակցությունն է դրամահավաք անո՞ւմ: Բա մյուս կուսակցությունների մասով ի՞նչ կա, ե՞րբ են արել, ինչ են արել, արել են, թե չեն արել: Նվիրատուների ցանկը գիտենք, թե չգիտենք: Իհարկե ոչ: Իրենք դրամահավաք անող տղա չեն»:

  • Կիսվել: