Դրական եզրակացություն են ստացել «Հարկային ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հարկային ծառայության մասին» օրենքի 8.1-ին հոդվածը, ինչպես նաեւ 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը 2023 թվականի հունվարի 1-ից իր հաստիքներով ու գործառույթներով փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի համակարգ:
ՊԵԿ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության առաջարկով առաջին ընթերցումից հետո նախագծից կհանվի դրույթներից մեկի վերջին մասը, ըստ որի՝ «օրենքը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա»:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով հանձնաժողովականները վերոնշյալ փոփոխությամբ դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին: