Դիլիջանի մանկապարտեզը, որը նախկինում օտարվել է, վերջնականորեն վերադարձվել է համայնքին. Փաշինյան
Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավագանու՝ 2006 թվականի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող 891 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցող անձին փոխկապակցված մեկ այլ անձի հետ: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա մանրամասնեց գործի ընթացքը:
«Դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա 2024 թ. սեպտեմբերի 12-ին Քննչական կոմիտեի՝ Տավուշի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և այդ վարույթի հետ զուգահեռ պրոցեսներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է Դիլիջան համայնքի ղեկավարի և նշված կազմակերպության միջև հաշտության համաձայնություն:
Հաշտության համաձայնության արդյունքում Դիլիջան համայնքի վերը նշված մանկապարտեզը վերադարձվել է համայնքին, վճիռը հրապարակման պահից մտել է ուժի մեջ: Այսինքն՝ մեր պրոցեսների շրջանակում մանկապարտեզը, որը նախկինում համայնքից օտարվել է, արդեն իսկ վերջնականորեն վերադարձվել է համայնքին: Այնպես որ, համայնքը և մենք կարող ենք մտածել նաև այդ մանկապարտեզը նորոգելու և երեխաներին վերադարձնելու մասին»,- ասաց նա: