հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Չեմ կարծում, որ հոսանքը թանկանալու որևէ նախադրյալ կա. Վահագն Ալեքսանյան

Չեմ կարծում, որ հոսանքը թանկանալու որևէ նախադրյալ կա. Վահագն Ալեքսանյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ազգային ժողովում քիչ առաջ քվեարկության դրվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Լրագրողները ճեպազրույցում հարց ուղղեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք դա չի՞ նշանակում ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու գործընթաց: 

Պատգամավորի խոսքով՝ դա այն մարդի՞կ են ասում, որոնք «ծակ շապիկներով Հայաստանում եկել են իշխանության Ղարաբաղից, առանց ՀՀ քաղաքացիության Հայաստանում դարձել են նախագահ, հետո Հայաստանի ժողովրդին պատկանող ՀԷՑ-ը 12 մլն դոլարով տվել են սրան-նրան»:

«Դա այն մարդիկ են ասում, որ պատից կախ չտեսնելով՝ ԶՊՄԿ-ում դարձել են բաժնետեր: Բնականաբար, նրանց բիզնես ունակությունների հետ մենք համեմատվել չենք կարող: Օրինակ՝ ես պետական պաշտոնը չեմ օգտագործում ունեցվածք կուտակելու համար դիցուք Ռոբերտ Քոչարյանի պես, ով միայն պաշտոնական, այս պահին հայտնաբերված թվերով՝ ունի 200 միլիոն դոլարի ունեցվածք, որը պահանջվում է պետականացնել»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ արդյոք նա կարող է հավաստիացնել հանրությանը, որ ՀԷՑ-ի ազգայնացումից հետո էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի, կմնա նույնը, Ալեքսանյանը պատասխանեց՝ կարող է ասել, որ ՀԷՑ-ը արել է մի քանի հարյուր դոլարի ներդրում. «Սիրելի՛ քաղաքացիներ, որ հիմա դիտում եք մեզ, ձեր գյուղում որևիցե մի էլեկտրասյուն փոխվե՞լ է, թե՞ Սովետի ժամանակների փայտե՝ ճաքեր տված սյուներն են, ձեր գյուղում կամ քաղաքում, բացի հաշվիչների երկաթյա տուփերից, ինչ-որ ուրիշ ենթակառուցվածքային ներդրում տեսե՞լ եք»:

Պատգամավորը կարծիք հայտնեց, թե չի կարծում՝ էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա:

«Չեմ կարծում, որ հոսանքը թանկանալու որևէ նախադրյալ կա»,- նշեց նա: 

  • Կիսվել: