երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չափագրվում են վնասները, որ արագ տեմպերով փոխհատուցեն բնակիչներին, նաեւ վերականգնեն տները. Վարդենիսի փոխհամայնքապետ

Չափագրվում են վնասները, որ արագ տեմպերով փոխհատուցեն բնակիչներին, նաեւ վերականգնեն տները. Վարդենիսի փոխհամայնքապետ

Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում Գեղարքունիքի մարզում վնասվել են Կութ, Նորաբակ, Սոթք, Վերին Շորժա, Ազատ բնակավայրերը. մնացած  բնակավայրերի վնասի չափերը ճշգրտվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Վարդենիսի փոխհամայնքապետ Կարեն Մկրտչյանը:

«Այսօրվանից իրականացվում են չափագրման աշխատանքները, պարզվում են վնասների չափերը, որ արագացված տեմպերով փոխհատուցվեն ու վերականգնվեն բնակչությանը հասցված վնասները: Իհարկե, կառավարությունը փոխհատուցել է եւ այս պահի դրությամբ նշածս բնակավայրերում տեղի են ունենում հետազոտական աշխատանքներ, թե ինչ վնասներ են պատճառվել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է լուծվում տարհանված բնակիչներին տեղավորելու հարցը, քանի որ կան բնակիչներ, որ որեւէ տեղ չունեն բնակվելու, փոխհամայնքապետը պատասխանեց. «մարզպետի գլխավորությամբ հենց կրակոցների օրվանից սկսած բոլոր բնակիչներին ցուցաբերվել է  պատշաճ օգնություն: Որոնց կարողացել ենք, տարհանել ենք, ոմանք տեղափոխվել են ապաստարաններ: Որոնք տեղափոխվել են Վարդենիս համայնքից հեռու՝ Մարտունի,. Գավառ, Երեւան, նման խնդիր չի եղել: Համեյանդեպս, այն բնակիչները, որոնք դիմել են մեզ կամ մենք ունեցել ենք տեղեկություն, բոլորին  ցուցաբերել ենք անհրաժեշտ օգնություն»:

Նա նաեւ հավելեց, որ Սոթքում եւ Կութում վաղվանից կսկսվեն էլեկտրականության վերականգնման աշխատանքները: Վաղը կամ մյուս օրը հոսանքի հարցը կլուծվի. «Սոթքում նաեւ գազատարն է վնասվել: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշգրտվում են: Ամենաշատը տուժել է Սոթքը»,-ասաց նա:

Փոխհամայնքապետը հերքեց տեղեկությունները, թե իրենք ասել են բնակիչներին՝ դուրս եկեք. «Բացարձակապես նման բան չկա: Խուճապի մի մատնվեք, մնացեք տեղերում, շարունակեք բնականոն կյանքը»:

Նա վստահեցրեց, որ բնակիչները վախեցած չեն, մարտական են տրամադրված. «Որքան շուտ լուծխվի փոխհատուցումների հարցը, այնքան ժողովուրդն ավելի է ոգեւորվում, որ գան ու շարունակեն իրենց բնականոն կյանքը»:

  • Կիսվել: