ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բյուջետային ծրագրերը պարբերաբար և կանոնավոր կգնահատվեն, գնահատողը կլինի Կառավարությունը. նախագիծ

Բյուջետային ծրագրերը պարբերաբար և կանոնավոր կգնահատվեն, գնահատողը կլինի Կառավարությունը. նախագիծ

Կառավարությունն առաջարկում է ներդնել բյուջետային ծրագրերի պարբերական և կանոնավոր գնահատման գործընթաց: Այդ մասին ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:

«Նախագծի ընդունումը միտված է հայեցակարգի իրագործմանը և նպատակ ունի օրենսդրական հիմքեր ձևավորել պետական կառավարման համակարգում բյուջետային ծրագրերի գնահատման գործառույթներ իրականացնելու համար»,- ասաց նախարարի տեղակալը՝ հիշեցնելով, որ դեռ ՀՀ վարչապետի՝ 2022 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ է հաստատվել բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման հայեցակարգը:

Թեև հայեցակարգը հաստատվել է, բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման նպատակով, անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանել լիազորող նորմ, համաձայն որի՝ Կառավարությունն իրավասու է իրականացնել բյուջետային ծրագրի գնահատման գործառույթներ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ ծրագրի և՛ իրականացնողը, և՛ գնահատողը Կառավարությունն է, իսկ նպատակահարմար չէ՞, որ գնահատողն անկախ մարմին լինի:

Ըստ Վահան Սիրունյանի՝ բյուջետային ծրագրերի գնահատումը ներքին գործառույթ է, այն է՝ ավարտված ծրագրից հետո կատարվում են գնահատումներ՝ վերջինիս ազդեցությունը չափելու տեսնակյունից:

«Այդ առումով սա կարևոր պակասող օղակ է Կառավարության ներսում, որպեսզի բյուջետային որոշումները ճիշտ կայացվեն, այսինքն՝ այն օգնելու է բյուջետային որոշումներ կայացնելուն, ծրագրերը վերանայելուն, բարելավելուն»,- ասաց նախարարի տեղակալը:

Սերգեյ Բագրատյանը հարակից զեկուցող Նարեկ Գրիգորյանից ևս հետարքրվեց՝ օբյեկտիվ չէ՞ր լինի, որ, օրինակ, Հաշվեքննիչ պալատը գնահատեր ծրագրերը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը Բագրատյանին առաջարկեց դիտարկումը ներկայացնել ԱԺ հանձնաժողովի նիստին՝ առաջինից երկրորդ ընթերցում քննարկելու:

  • Կիսվել: