հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԲՏՃՄ ուղղություններով բակալավրիատ և մագիստրատուրա ընդունվածները մինչև 77 հազար դրամ կրթաթոշակ կստանան

ԲՏՃՄ ուղղություններով բակալավրիատ և մագիստրատուրա ընդունվածները մինչև 77 հազար դրամ կրթաթոշակ կստանան

Պետական բուհերում կրթաթոշակներ տրամադրելու համար պետբյուջեից տարեկան շուրջ 846 միլիոն դրամ է հատկացվում, սակայն այս որոշումը որևէ կերպ չի խթանում սովորողների առաջադիմությանն ու կրթական արդյունքի բարելավմանը, որովհետև 1 ուսանողին հասնող տարեկան կրթաթոշակը տատանվում է 4000-5000 դրամի սահմաններում: Հետևաբար որոշվել է կրթաթոշակային քաղաքականությունը վերանայել: Այդ մասին Կառավարության օգոստոսի 24-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նոր նախագիծը:

«Առաջին փուլում այս քաղաքականության իրականացման համար ընտրվել են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով (ԲՏՃՄ) մասնագիտական մանկավարժության ծրագրերը: Սա ունի շատ պարզ նպատակ. վերջին տարիներին մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ, գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար: Միևնույն ժամանակ, ոլորտում մեր ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում մենք կարիք ենք ունենալու մեծ թվով երիտասարդ ուսուցիչների, նոր ուսուցիչների, որպեսզի դպրոցներում այս առարկաները դասավանդվեն: Եվ հետևաբար, այս նախագծով մենք նախատեսում ենք, որ այս ուղղություններով մանկավարժության ծրագրերի համար կսահմանվի ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ, գերազանց առաջադիմության պարագայում՝ 77 հազար դրամ, որը, կարծում ենք, էական ազդեցություն կունենա այս ուղղությամբ ուսանողների թվի աճի վրա՝ հատկապես հաշվի առնելով, որ նրանց մեծ մասը մարզաբնակ է, և լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք է ունենում, ինչպես կեցության, տրանսպորտային ծախսերի և այլ հարցերի:

Առաջին տարում կրթաթոշակ կստանան այս ուղղությամբ սովորող բոլոր ուսանողները, երկրորդ տարուց կգործի առաջադիմության շեմ:

Նախատեսում ենք, որ այս տարի մենք կունենանք շուրջ 58 շահառու բակալավրական կրթական ծրագրերով, և առավելագույնը 169՝ մագիստրոսական»,- ասաց նախարարը՝ ճշգրտելով, որ որոշումը կգործի այս տարի ընդունվող ուսանողների համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումը կարևոր համարեց՝ մեկնաբանելով. ««Բոլորին տալ մի բան, որը ոչ մեկի համար ոչ մի բան է» քաղաքականությունը մենք, ըստ էության, փոխարինում ենք ավելի թիրախային ծախսերի տրամաբանությամբ»:

  • Կիսվել: