Բեռլինի Թումո կենտրոնի կառավարումը կիրականացվի Հայաստանից
Թումո Բեռլինի գործառնական կառավարումը 2025 թվականի մայիսից ամբողջապես կիրականացվի Թումոյի գլխամասից` հատուկ ստեղծված TUMO Deutschland gGmbH կառույցի միջոցով:
Թումո կենտրոնից հայտնում են, որ այսօիսով Թումո Բեռլինը կդառնա առաջին միջազգային Թումո կենտրոնը, որի ղեկավարումը կիրականացվի ոչ թե այլ երկրի գործընկերների հետ համագործակցությամբ, այլ Գերմանիայում գործող կառույցի միջոցով, որն ուղղակիորեն ղեկավարվում է Հայաստանից:
Թումո Բեռլինը բացվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Այսօր այն դարձել է Թումոյի ամենախոշոր միջազգային կենտրոններից մեկը, ուր շաբաթական հաճախում են 1000-ից ավելի ուսանողներ և ուսումնասիրում նորարական 10 ոլորտներ։ Պատմական Շառլոտենբուրգ թաղամասում գտնվող և 2000 քառակուսի մետր զբաղեցնող Թումո Բեռլինը դինամիկ կրթական միջավայր է, որը խթանում է նորարարությունն ու ստեղծարարությունը։ Թումո Բեռլինն արդեն իսկ ունի հմուտ ուսանողների և շրջանավարտների համայնք՝ երիտասարդ մրցունակ մասնագետներից կազմված։
«Մենք մշտապես սերտորեն աշխատում ենք այլ երկրների գործընկերների հետ Թումոյի կրթական մոդելն ադապտացնելու և կիրառելու համար, սակայն կառավարման ամբողջական ստանձնումը, որն իրականացնելու ենք հենց Բեռլինում գործարկված TUMO Deutschland-ի միջոցով, իհարկե, թույլ կտա ավելի արդյունավետ ու լիարժեք փոխանցել Թումոյի կրթական փիլիսոփայությունն ու արժեքները Թումո Բեռլինի պատանիներին», — նշում է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:
Թումո կենտրոններ գործում են նաև Գերմանիայի Մանհայմ և Հիրշայդ քաղաքներում, իսկ մոտ ապագայում նախատեսվում է նոր կենտրոններ գործարկել Լյուդենշայդում, Զաարբրյուքենում և Էսսենում:
«Ուրախ ենք ստանձնել Թումո Բեռլինի լիարժեք կառավարումը, ինչը թույլ կտա երիտասարդների համար դինամիկ ու ստեղծարար կրթական միջավայր ձևավորել և նրանց ապագային միտված հմտություններ ընձեռել: Սա զուտ կազմակերպչական փոփոխություն չէ, այլ Գերմանիայի պես կայացած կրթական համակարգով երկրի կողմից հայկական կրթական նախաձեռնության հանդեպ բարձր վստահության և գնահատանքի ապացույց», — նշվում է TUMO Deutschland-ի ղեկավարության հայտարության մեջ։
Թումո կենտրոններ գործում են նաև Եվրոպայի և աշխարհի այլ երկրներում՝ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Լիբանանում, Ալբանիայում, իսկ մինչև տարվա վերջ նախատեսվում է նոր կենտրոններ բացել Ճապոնիայում, Արգենտինայում, ԱՄՆ-ում և այլուր: Թումոյի միջազգային ընդլայնումը կարևոր է նորարար, ապագային միտված կրթական բրենդով Հայաստանը ներկայացնելու, միջազգային փորձառության շնորհիվ ծրագիրն էլ ավելի մրցունակ դարձնելու, ինչպես նաև Հայաստանում Թումոյի կրթական ցանցի համար ֆինանսավորում ապահովելու առումով։
Գերմանիայում Թումոյի արդյունավետ աշխատանքի և ընդլայնման գլխավոր գործընկերն է KfW բանկը, որը կարևորում է կրթության ներուժը՝ որպես սոցիալական և տնտեսական առաջընթացի խթան։