երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը որևէ աղերս չունի ARARAT կոնյակների հետ․ պարզաբանում

Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը որևէ աղերս չունի ARARAT կոնյակների հետ․ պարզաբանում

Երևանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն արգելելու մասին Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը որևէ կապ չունի իրենց արտադրանքի հետ։

«Երեկ երեկոյան բելառուսական լրատվականներում հրապարակվեց «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ի որոշումը, համաձայն որի Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։

Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը վերաբերում է Արարատի կոնյակի գործարանին՝ Արարատ քաղաքում տեղակայված կոնյակի գործարանին, որը որևէ աղերս չունի Երևանի կոնյակի գործարանի՝ մայրաքաղաքի Հրազդանի կիրճի ափին վեր խոյացող տուֆակերտ շենքի և այդ ընկերության կողմից արտադրվող ARARAT կոնյակների հետ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

«Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ը մարտի 25-ին հաղորդագրություն էր տարածել, որ Բելառուսի գլխավոր սանիտարական բժիշկ, առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Տարասենկոյի որոշմամբ՝արգելվել է հայկական «Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը։

  • Կիսվել: