Բաթումի-Նովոռոսիյսկ երթուղով կոնտեյներատար նավն արդեն աշխատել է եւ Վերին Լարսին իրական այլընտրանք է․ Քերոբյան
Դեպի ՌԴ ծովային փոխադրումները ժամանակային առումով ավելի երկար չեն լինի, քան Վերին Լարսի ավտոմոբիլային ճանապարհով։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ընդ որում, ինչպես նշեց Քերոբյանը, արժեքը կարող է ավելի ցածր լինել։
«Բաթումի-Նովոռոսիյսկ երթուղով կոնտեյներատար նավն արդեն աշխատել է եւ Վերին Լարսին իրական այլընտրանք է դարձել»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ «S&M Logistics» ընկերության կողմից կառավարվող կոնտեյներատար նավն արդեն երկու փորձնական չվերթ է իրականացրել։
«Նոր երթուղին ունի նաեւ ծավալների առավելություն։ Որքան մեծ է փոխադրման ծավալը, այնքան ցածր է փոխադրվող բեռի միավորի գինը։ Այնպես որ, այդ երթուղին շահավետ է նաեւ գնային առումոով»,-նկատեց նախարարը։
Ի վերջո, այդ փոխադրումները՝ ի տարբերություն սողանքների եւ ձյան տեղումների պատճառով տարեկան մի քանի անգամ փակվող Վերին Լարսի լեռնանցքով փոխադրումների, գրեթե կախված չեն եղանակային պայմաններից:
«Դա թույլ է տալիս ավելի հեշտ պլանավորել փոխադրումները»,-ընդգծեց Քերոբյանը։
Բացի այդ, «Ռուսական երկաթուղիներ»-ը եւ Հայաստանում նրա դուստր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղին», մի քանի տարի առաջ զեղչեր էին հայտարարել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկու ուղղություններով փոխադրվող բեռների համար։ Խնայողությունները հատկապես նշանակալի էին երկար հեռավորությունների ժամանակ։