հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բանկերում արձանագրվել է ավանդների աճ. Գալստյան

Բանկերում արձանագրվել է ավանդների աճ. Գալստյան

Հայաստանում նախորդ տարի համավարակի, այնուհետև պատերազմի պայմաններում ավանդների որոշակի նվազումից հետո Կենտրոնական բանկն այս տարի ավանդների աճ է նկատել: Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Խոսելով այն մասին, որ հոկտեմբեր-նոյեմբերին ազգաբնակչությունն ավանդերը հանում էր բանկերից՝ նբա հիշեցրեց, որ այդ ժամանակ ԿԲ-ի հորդորն էր՝ չանել այդպես, քանի որ դրանով վնասում են իրենք իրենց: ՛՛Մենք տեսնում ենք, որ նույնիսկ նախորդ տարվա 7.6 տոկոս տնտեսական անկումից հետո, երբ տնային տնտեսությունների եկամուտները որոշակիորեն նվազել են, այս տարվա ընթացքում ունենք խզումների նորմալ, բնականոն մակարդակ և ունենք բանկերում ավանդների աճ՛՛,-ասաց Գալստյանը՝ հույս հայտնելով, որ  հանրության և ԿԲ-ի երկխոսությունը կվերականգնվի:

ԿԲ նախագահը խոսեց նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնը թողնելու որոշման պատճառների մասին, ինչի առնչությամբ, մասնավորապես, ասաց. ՛՛ԿԲ-ի կողմից իր հիմնական գործիքի կիրառումը, որը տոկոսադրույքն է, ապագա գների վրա ազդեցություն ունի: Դա ունի ազդեցություն նաև մի կոմպոնենտի վրա, որը մենք չենք տեսնում, այն շոշափելի չէ, սակայն շատ կարևոր է, դա հասարակության գնաճային սպասումներն են՛՛:

Դեկտեմբերին, երբ գնաճը 1.3 տոկոս էր, Գալստյանի խոսքով, ԿԲ խորհուրդը որոշում էր կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը  1 տոկոսով բարձրացնել: ՛՛Մենք փորձեցինք հանրությանն ազդակ հաղորդել, որ մենք տեսնում ենք տնտեսությունում կուտակվող և դրսևորվող գնաճային ռիսկեր, որոնք ի հայտ են գալու որոշակի ժամանակ հետո՛՛,-ասաց նա՝ հիշեցնելով, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փետրվարին բարձրացվել է 0.25 տոկոսային կետով:

Գալստյանն ասաց, որ կարծում են՝ գնաճը դեռևս որոշակիորեն կնկատվի,  պոտենցիալը կա: ՛՛Բայց մեր կարծիքով՝ տոկոսադրույքի այս մակարդակը, որն այժմ կա, համապատասխանում է մեր կողմից որդեգրված քաղաքականության թիրախին հասնելու համար: ԿԲ-ն այսօր տոկոսադրույք բարձրացնելով՝ չի կարող ազդել այսօրվա գնաճի վրա, ուստի ձեռնպահ մնաց այս անգամ տոկոսադրույք փոխելուց՝ հենց այդ պատճառով. մեր կարծիքով՝ գնաճի փոփոխություն տեղի է ունենալու, բայց այն կարճաժամկետ բնույթ է կրելու:

Մեր ու հասարակության միջև ձևավորված դիալոգը, որը մենք բավականին դրական ենք գնահատում, մեզ հույս է ներշնչում,որ մենք մեր ազդակներով կկարողանանք գնաճային սպասումները պահել խարսխված,որը թույլ կտա մեզ առանց հասարակության համար հավելյալ ծախսեր ստեղծելու այս իրավիճակը հանգիստ հաղթահարել ու մյուս տարի ունենալ այն, ինչը մենք պարբերաբար ունենում ենք՛՛,-նշեց ԿԲ նախագահը:

  • Կիսվել: