ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը ժամանակավորապես կիջեցվի. ջրի ծավալը կուղղվի Արտաշատի ջրանցքին

Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը ժամանակավորապես կիջեցվի. ջրի ծավալը կուղղվի Արտաշատի ջրանցքին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը իջեցնելու մասին որոշում ընդունեց:

Որոշման հյիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է Ազատի ջրամբարի վթարված հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի տեխնիկական վիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև ոռոգման ջրապահանջն ապահովելու համար Արտաշատի ջրանցքին ջրալրում իրականացնելու անհրաժեշտությամբ:

Ազատի ջրամբարը շահագործվում է 1976 թվականից: Ճնշումային խողովակաշարի երեք շրջասկավառակային փականներից երկուսն անաշխատունակ վիճակում են, իսկ վերջնամասի կարգավորիչը աշխատում է մշտական խափանումներով: Հատակային ջրթողը 2017 թվականին վթարվել է:Հատակային ջրթողի վերակառուցման և վերազինման աշխատանքների համար 2017 թվականին մշակվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ, որոնք ներկայումս վերահաշվարկի՝ դրան զուգահեռ նաև հատակային ջրթող կառույցների տեխնիկական վիճակի ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն:

Ջրամբարի մեռյալ ծավալի նիշը (1013,9 մ) մինչև 993 մ նիշ ժամանակավորապես իջեցումը հնարավորություն կտա իրականացնել հատակային ջրթողի ջրընդունիչ կառուցվածքի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն:

Միաժամանակ, այն հնարավորություն կտա բաց թողնված ջրի ծավալն ուղղել Արտաշատի ջրանցքին՝ մեղմելով ջրանցքի իշխման տակ ընկած շուրջ 7000 հա հողատարածքների ոռոգման ջրապահանջը: Նշված հողատարածքների ջրապահանջը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմում է շուրջ 18 մլն մ3, որից Մխչյանի 2-րդ աստիճանի պոմպակայանով հնարավոր է Արտաշատի ջրանցքին ջրալրում տալ շուրջ 7,3 մլն մ3  ծավալով: Ջրապահանջի մնացած մասը հնարավոր կլինի ապահովել Ազատի ջրամբարի մեռյալ ծավալից ջրառ իրականացնելով:

Ս.թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ Ազատի ջրամբարի լցվածության (շուրջ 14,4 մլն մ3) պայմաններում Ազատի քառաստիճան պոմպակայանի ու Դվինի ջրանցքի ջրալրման ծավալները հաշվի առնելով՝ ջրամբարի մեռյալ ծավալից հնարավոր կլինի ջրառ իրականացնել շուրջ 8 մլն մ3:

  • Կիսվել: