երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Այսօրվա դրությամբ՝ գրանցված միակ «աշխարհագրական նշումով» արտադրանքը Սևանի իշխանն է. Վահան Քերոբյան

Այսօրվա դրությամբ՝ գրանցված միակ «աշխարհագրական նշումով» արտադրանքը Սևանի իշխանն է. Վահան Քերոբյան

Ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որի ընդունումը թույլ է տալու, օրինակ, հայկական «մածունը» որպես աշխարհագրական նշում (GI) ձևակերպվի և հենց այդ մակնշմամբ Վրաստանի տարածքով անարգել անցնի արտաքի շուկաներ:

2022 թվականի սկզբին հայկական արտադրության մածունը «մածուն» մակնշմամբ հնարավոր չէր եղել Վրաստանի տարածքով արտահանել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնի»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես, օրինակ, Ֆրանսիայում կոնյակն ու գինին են, իսկ հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ:

«Օրենքով «աշխարհագրական նշումով» արտադրանքի գրանցման իրավունք ունի միայն տվյալ արտադրանքն արտադրողների կամ վերամշակողների խումբը, մինչդեռ, օրինակ, Վրաստանում արտադրողների կամ վերամշակողների խմբից բացի «աշխարհագրական նշումով» արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի նաև պետությունը», - նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ հայկական ագրոպարենային արտադրանքի, գինիների, պանիրների, թարմ պտղի, հատապտղի ու բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի բազմաթիվ տեսակներ կարող են գրանցվել որպես «աշխարհագրական նշումով» արտադրանք, որը հնարավորություն կտա դրանք արտահանել և իրացնել զգալիորեն բարձր գներով՝ արտադրողների համար ապահովելով լրացուցիչ եկամուտներ:

«Մինչդեռ այն Հայաստանում տարածում չի գտնում: Այսօրվա դրությամբ՝ գրանցված միակ «աշխարհագրական նշումով» արտադրանքը Սևանի իշխանն է», - ասաց նա:

Քերոբյանն ասաց, որ գինեգործները երբեմն դժվարությունների են հանդիպում արտահանելիս:

««Կախեթ» գինու հետ կապված քննարկումներ են եղել: Վրաստանը «Կախեթը» արդեն գրանցած լինելով որպես «աշխարհագրական տեղանուն»՝ փորձում է երրորդ երկրների շուկաները պաշտպանել՝ տրանզիտային ճանապարհի սահմանափակում մտցնելով: Այդ հարցը վերաբերում է նաև մածունին և այլ ապրանքների: Այս օրենքի ընդունումը թույլ է տալու, որ մենք, օրինակ, «մածունը» մեզ մոտ ևս գրանցենք որպես աշխարհագրական տեղանուն, հետո այդ աշխարհագրական տեղանունը նաև գրանցենք միջազգային հարթակներում: Եվ հետո, Վրաստանի հետ աշխարհագրական տեղանունների փոխճանաչման համաձայնագիր ստորագրելուց հետո մենք ընդունենք իրենց մածունը, իրենք՝ մերը, դրանից հետո կկարողանանք անարգել անցնել Վրաստանի տարածքով և արտաքին շուկաներում հավասարաչափ ցուցադրվել և վաճառվել», - հավելեց նախարարը:

  • Կիսվել: