Այս տարի բացարձակ ռեկորդ ենք սահմանել. Մեր նպատակն է 2030–ին ունենալ 3 միլիոն և ավել զբոսաշրջիկ ՀՀ–ում. Պապոյան
Հայաստանի կառավարության համար միջազգային բրենդների Հայաստան մուտքը առաջնահերթություն է, և քանի որ նաև զբոսաշրջությունը մեզ համար տնտեսության կարևոր ճյուղ է, և մենք ռազմավարական նպատակ ունենք առաջիկա տարիներին նվազագույնը 3 միլիոնի սահմանը անցնել, մասնավորապես 2030–2031 թվականներին արդեն ունենալ 3 միլիոն և ավել զբոսաշրջիկ, հետևաբար դրա համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստան գան բազմաթիվ բրենդներ, այդ թվում նաև զբոսաշրջային, տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին, «Wizz air» ավիաընկերության բազայի բացման արարողության ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Սա շատ կարևոր քայլ է մեր քաղաքացիներին մոտեցնել աշխարհին և մյուս կողմից աշխարհին մոտեցնել Հայաստանին։ Եթե մենք ուզում ենք ունենալ զբոսաշրջիկ, առաջին հերթին այդ զբոսաշրջիկը պետք է հնարավորինս հեշտ, հնարավորինս մատչելի և հնարավորինս արագ հասնի Հայաստան։
Եկեք մի քանի տարի առաջ պատկերացնենք, թե, օրինակ, Հայաստանի քաղաքացին պայմանական Հռոմ հասնելու համար ի՞նչ պետք է աներ: Ամենայն հավանականությամբ պետք է գներ թանկարժեք տոմս, գնար, օրինակ, Մոսկվա, Մոսկվայում սպասեր մի քանի ժամ, հետո այնտեղից թռներ դեպի Հռոմ և դա տևելու է մի քանի անգամ ավելի երկար, մի քանի անգամ, հաճախ 10 և ավելի անգամ թանկ, քան հիմա է։ Եթե, օրինակ, Հայաստանի քաղաքացին դա մեծ դժվարությամբ կաներ, ապա դժվար է պատկերացնել, որ օրինակ, Իտալիայի քաղաքացին այդքան մեծ դժվարությամբ նա կանցներ Հայաստանը գալու համար։ Հետևաբար, սա շատ լավ հնարավորություն է մեզ, մի կողմից մեր քաղաքացիների մուտքը դեպի աշխարհ հեշտացնելու, մյուս կողմից աշխարհի տարբեր երկրների քաղաքացիների համար դեպի Հայաստան գալը շատ արագ, շատ հեշտ և շատ մատչելի դարձնելու համար։
Դուք տեսաք ներկայացման մեջ Ֆրանսիայի մեկ նոր օդանավակայանից հասանելիություն, որը Փարիզին բավականին մոտ է, Գերմանիայում երկու օդանավակայան՝ Մեմինգեն, Մյունխեն, Իտալիայում երկու նոր քաղաք։ Վստահ եմ ուղղակի և իտալացի զբոսաշրջիկների համար այդ քաղաքը Հայաստանը բացահայտելու համար շատ կարևոր և հետաքրքիր տեղ է լինելու, և մեր քաղաքացիների համար։ Իհարկե, նաև Կիպրոս, Ռումինիա, Չեխիա, որոնք նույնպես շատ կարևոր և առանձնահատուկ նշանակություն ունեն և շատ հետաքրքիր և բազմազան հնարավորություններ են ստեղծելու մեր զբոսաշրջության ոլորտի համար։
Այստեղ նաև շատ կարևոր քայլ է բազավորման ինստիտուտը։ Մենք ունենք առաջարկ բիզնեսին, ասում ենք, որ եթե մեկ միլիոն և ավել զբոսաշրջիկ է գալիս Հայաստան, ապա մենք նրանց դրա համար որոշակի գումար ենք վճարում և պայմաններից մեկն էլ այն է, որ պետք է անպայման նոր ուղղություն լինի, այդ նոր ուղղություններից մեկը երեկ Գյումրիից Լառնակա թռիչքն էր, որը մեկնարկեց։ Կարևոր պայմաններից է, որ պետք է ինքնաթիռները բազավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Ահա տեսնում ենք, որ A-321 Neo ինքնաթիռը և կարծես թե երկրորդն էլ է նույնիսկ լինելու, ժամանակակից նոր ինքնաթիռները իրենց մշտական կայանման վայրը, բազավորման վայրը լինելու է Հայաստանը, Երևանը, «Զվարթնոց» օդանավակայանը, ինչը շատ կարևոր նաև ներդրում է Հայաստանի Հանրապետության համար»,– ընդգծեց Պապոյանը։


