Այս բյուջեն մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի. ֆինանսների նախարար
2026–ի բյուջեն, ակնհայտորեն, մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի, որով, օրինակ՝ ԿԳՄՍ նախարարության ուղղությամբ ՀՆԱ-ն 2025 թվականի 3.3 տոկոսից աճել է 3.5 տոկոս, և Առողջապահության նախարարության գծով 1.5 տոկոսից աճում ենք 1.8 տոկոսի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25–ին, կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ըստ օրենքի պահանջի՝ բյուջեի մասին օրենքի նախագիծը պետք է ԱԺ ուղարկվի մինչև հոկտեմբերի 1-ը և հոկտեմբերի 1-ից, ըստ էության, ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսելու են տարբեր նախարարությունների 2026 թվականի ծրագրային անելիքները:
«Նոր կարգավորումների առումով ասեմ, որ այս տարի առաջին անգամ մենք ներկայացնում ենք բյուջեն՝ եռամյա հեռանկարով, որտեղ նաև ներկայացնում ենք բոլոր ծրագրերի ծախսերն առաջիկա 3 տարիների ընթացքում, որպեսզի թե՛ հանրությանը, թե՛ ԱԺ-ին բյուջեն հաստատելիս պարզ լինի՝ մենք որ ճանապարհով ենք գնում: Մեր բյուջեի քննարկումների ժամանակ պարզ էր, որ կան մեծ նախաձեռնություններ մեր՝ տարբեր քաղաքականություն իրականացնող մարմինների կողմից, որոնք այս պահին հնարավոր չէ տեղավորել այն ծախսային շրջանակի մեջ, որն այս պահին մենք ունենք, և ունենք հավելված, որտեղ կդնենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք այս կամ այն պատճառով հնարավոր չի եղել հիմնական փաստաթղթի մեջ ներառել և արդեն հաջորդ տարի, ելնելով մեր ֆիսկալ հնարավորություններից և առաջնահերթություններից, առաջնահերթորեն կանդրադառնանք այդ հավելվածում ներկայացված ծրագրերին:
Մենք նաև հիմա վերաբաշխումների կարգի վերջնականացման փուլում ենք, որը քննարկվել է, շրջանառվել է բոլոր պետական մարմիններում, և այդ կարգով նաև կհստակեցնենք, թե ինչպես ենք մենք վերաբաշխումներ իրականացնելու այդ հավելվածում ներկայացված ծրագրերի և հիմնական ծրագրերի միջև»,- նշեց Վահե Հովհաննիսյանը:


