երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այն աճի տեմպը, որ մենք ունեինք տարվա սկզբից, մարտի կեսից դանդաղում է. ՊԵԿ նախագահ

Այն աճի տեմպը, որ մենք ունեինք տարվա սկզբից, մարտի կեսից դանդաղում է. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ-ը աշխատելու է բնականոն ռեժիմով և իրականացնելու է իր գործառույթներն ամբողջ ծավալով, այսօր կառավարությանը կից ստեղծված տեղեկատվական միասնական հարթակում ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Մեր գործարարների վարքագծով պայմանավորված հորդորել ենք, որ այն գործընկերային փոխհարաբերությունները, որ ստեղծվել են վերջին 1.5-2 տարվա ընթացքում պահպանենք նույն բարձունքի վրա, նույն արդյունավետությամբ, որ հաղթահարենք ստեղծված իրավիճակը», - հավելեց պաշտոնյան:

ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ պետական բյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունը առաջին եռամսյակի համար կկատարվի գերակատարումով: Այդ տվյալը, ըստ պաշտոնյայի, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 16 տոկոսով աճել է (45 մլրդ դրամ):

«Սա նախորդ տարվա վերջից ու այս տարվա սկզբից իներցիոն թափի արդյունք է: Մարտի սկզբից համաճարակային իրավիճակը համաշխարհային տնտեսության համար խնդիրներ առաջացրեց, որի ազդեցությունը զգում ենք նաև մենք: Այն աճի տեմպը, որ մենք ունեինք տարվա սկզբից, կարելի է ասել մարտի 2-րդ տասնօրյակից սկսած դանդաղում է», - հավելեց Անանյանը:

Նա դժվարացավ կանխատեսել, թե ապագայում պետբյուջեի հարկային եկամուտների առումով ինչ վիճակ կստեղծվի:

  • Կիսվել: