կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այդպես բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել և ոչինչ չանել. Ավանեսյանի արձագանքը՝ Արսեն Թորոսյանին

Այդպես բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել և ոչինչ չանել. Ավանեսյանի արձագանքը՝ Արսեն Թորոսյանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի քննադատությանը, թե էլեկտրոնային դեղատոմսի ծրագիրը պետք չէր հիմա ներդնել, քանի որ շատ չլուծված խնդիրներ կան:

«Կարծում եմ, որ մեր բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել, ասել՝ հաջորդ դարերում կլինեն ավելի պատրասված հասարակություններ, տեխնիկաներ, և ոչինչ չանել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ավանեսյանը:

«Մեր մոտեցումն է, որ մենք մեր բոլոր նախանշած բարեփոխումները պետք է հստակ ժամկետներով իրականացնենք, և ցանկացած խնդիր, որ պրակտիկ կյանքում առաջ է գալիս՝ լուծելով առաջ գնանք, համակարգը պատրաստ է, բժիշկները պատրաստ են:

Ես բոլոր քննադատություններին ծանոթանում եմ, և մեզ համար շատ կարևոր է, որ մեր գործընկերները՝ քննադատները, բարձրաձայնեն բոլոր խնդիրները, և մենք տեղեկացված լինենք դրանց մասին»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք` մարտի 1–ից էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվում է 470 անուն դեղ, որից 375–ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում ներառվել է ՀՀ–ում գրանցված դեղերի 20 տոկոսը, իսկ ՀՀ–ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։

2025 թվականի հունվարի 1–ից արդեն էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2 566 անուն դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվելու ցանկում։

  • Կիսվել: