Աճեմօղլուն ԱԲ-ի դարաշրջանն անվանել է ՀՀ-ի հնարավորությունը
Արհեստական բանականության դարաշրջանը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար, հայտարարել է Նոբելյան տնտեսագիտության մրցանակակիր Դարոն Աճեմօղլուն «Զրույցներ Թայլերի հետ» բլոգին տված հարցազրույցում։
Հայազգի տնտեսագետի խոսքով՝ անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանը, կարծես, նախկին Խորհրդային հանրապետությունների շարքում զարգացման համար ամենապատրաստված երկրներից մեկն էր՝ շնորհիվ կրթված բնակչության և կուտակված ինժեներատեխնիկական ներուժի։ Սակայն, Աճեմօղլուի խոսքով, հետագայում երկիրը տնտեսապես թերակատարեց և կորցրեց ժողովրդավարություն կառուցելու սկզբնական հաջողությունը։
Նա Հայաստանի իրավիճակը բնութագրել է որպես մարտահրավեր՝ սահմանափակ տրանսպորտային հնարավորությունների և Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մոտ լինելու հանգամանքով պայմանավորված։ Տնտեսագետի խոսքով՝ Երևանին մինչ այժմ հաջողվել է խուսափել Մոսկվայի հետ առճակատումից, սակայն երբեմն՝ «չափազանց ռուսամետ» լինելու գնով։
Միաժամանակ, Հայաստանի պահպանված մարդկային կապիտալը և տեխնոլոգիական ոլորտի զարգացումը կարող են օգնել երկրին օգտվել արհեստական բանականության ընձեռած հնարավորություններից։



