Ասիական զարգացման բանկը Հայաստանում աջակցում է ճանապարհաշինության հավակնոտ ծրագրերին
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ՀՀ կառավարության հետ համագործակցում է մի քանի ուղղություններով։ Նախևառաջ բանկն աջակցում է մեծ նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհի որոշ հատվածների շինաշխատանքներին։ ԱԶԲ-ի ուղեկցությամբ՝ լրագրողների խումբն այցելեց Թալին-Լանջիկ և Աշտարակ-Թալին հատվածներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գյումրիից Երևան ուղղությամբ կառուցվող Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 18,7 կիլոմետր է։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱԶԲ-ի և ՀՀ կառավարության կողմից։ Շինաշխատանքների գումարը կազմել է 60 միլիոն դոլար։
«Շինաշխատանքները նշված հատվածում ավարտվել են 2022 թվականի հոկտեմբերին և հենց նույն տարվանից ճանապարհահատվածը երկկողմանի արդեն բաց է երթևեկության համար։ Այս պահին Հյուսիս-հարավի Ագարակից մինչև Բավրա գոյություն ունեցող ճանապարհը 560 կիլոմետր է, սակայն նախանշված ծրագրով այն կազմելու է 470 կիլոմետր, ինչը կրճատելու է ճանապարհի երկարությունը»,- ասաց Զուլալյանը։
Նա տեղեկացրեց, որ ԱԶԲ-ն ֆինանսավորում է Երևանից Գյումրի ընկած ավտոճանապարհի երեք հատվածների շինարարությունը, ինչի առթիվ կնքվել են երեք պայմանագրեր։ Առաջին պայմանագրի մասով աշխատանքներն արդեն ավարտված են։
«Այն տեղամասից, որտեղ երկու գոտիները տեղափոխվում են և դառնում մեկ գոտի, սկսվում է Տրանշ-2 հատվածը՝ Աշտարակ-Թալին ուղղությամբ, որի երկարությունը կազմում է 34 կիլոմետր։ Այստեղ է, մասնավորապես, Արուճի հանգույցը, որը կառուցված է մի քանի գյուղեր հիմնական ճանապարհին կապելու համար։ Աշտարակ-Թալին հատվածում, ընդհանուր առմամբ, կան նմանատիպ ինը հանգույցներ։ Նախագծման փուլում աշխատանքները նախապես համաձայնեցվել են հարակից համայնքների հետ, որպեսզի նրանք անվտանգ կապվեն հիմնական ճանապարհի հետ։ Գյումրիի կողմից մինչև 71-րդ պիկետ պատվածքի հետ կապված աշխատանքներն ավարտվել են։ Իրականացվել է եռաշերտ ասֆալտապատում։ Այս պահին իրականացվում են անվտանգության տարրերի տեղադրման, կողնակների և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները»,- ասաց Զուլալյանը։
Նա հավելեց, որ ծրագրով մինչև Երևան ընկած ճանապարհի 38-րդ պիկետ ընթանում են նաև հողային աշխատանքներ։ Տվյալ հատվածում նախատեսվում է շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտել 2025-ի տարեվերջին և ճանապարհահատվածը բացել երկկողմանի երթևեկության համար։ Ըստ պայմանագրի՝ Աշտարակ-Թալին ուղղությամբ ճանապարհահատվածի (34կմ) շինաշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 76 միլիոն դոլար։ Ավտոճանապարհը կառուցվում է միջազգային չափանիշներին համապատասխան։
Լրագրողների խումբը հաջորդիվ կանգ առավ Աշտարակ-Թալին ճանապարհի մյուս տեղամասում, որն ընդգրկում է Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կիլոմետր երկարությամբ հատվածը, որտեղ շինաշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
«Այստեղ նույնպես կատարվել է եռաշերտ ասֆալտապատում։ Այս պահին շինարարական կազմակերպությունները տեղում իրականացնում են ջրահեռացման համակարգի տեղադրման աշխատանքներ, մետաղական արգելափակոցները գրեթե ամբողջությամբ նույնպես տեղադրված են, և ակնկալվում է, որ հուլիսին շինաշխատանքներն այս հատվածում ևս ամբողջությամբ կավարտվեն և ճանապարհը կբացվի երկկողմ երթևեկության համար։ Հիմնական աշխատանքներից դեռ պակասում են միջնամասի բետոնապատումը և ճանապարհի գծանշումը, որոնք շուտով նույնպես կմեկնարկեն։ Ոչ միայն այս հատվածի, այլև ամբողջ Հյուսիս-հարավի համար նախատեսված է ջրահեռացման համակարգերի կառուցում։ Տարբեր տեղամասերում՝՝ կախված տեղումների, ջրի քանակից, տրված են համապատասխան թեքություններ։ Որոշ հատվածներում իրականացվելու են նաև քարաթափման պաշտպանիչ աշխատանքներ»,- ասաց Զուլալյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Ագարակը շրջանցող վերոհիշյալ 8 կիլոմետրանոց հատվածի համար նախատեսված է մեկ մեծ հանգույց (Ագարակ-Ոսկեվազ) և ընդհանուր առմամբ՝ 31 արհեստական կառուցվածքներ, ինչը ենթադրում է գյուղտեխնիկայի և անասունների համար նախատեսված անցումներ, ջրահեռացման բետոնե խողովակներ։ Առհասարակ Հյուսիս-հարավի Երևան-Գյումրի հատվածում կառուցվելու է տեխնիկական առաջին կարգի ճանապարհ, ինչը ենթադրում է երթևեկելի գոտիների առկայություն երկու հակադիր ուղղություններով, ընդ որում՝ յուրաքանչյուր ուղղության երկու երթևեկելի գոտիներից յուրաքանչյուրի բացվածքն ունենալու է 3,6 մետր լայնություն։ Նախատեսված է նաև տեխնիկական սպասարկման մեկ գոտի՝ 2,5 մետր լայնությամբ։
Լրագրողներն Ագարակ-Ոսկեվազ հանգույցում զրուցեցին նաև ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայության Ագարակ պատմամշակութային արգելոցի մասնաճյուղի վարիչ Տարոն Մանուկյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ այն ժամանակ, երբ խոսվում էր Հյուսիս-հարավ ճանապարհի հատվածներից մեկն անցկացնել տվյալ տեղամասով, տարածքն ամբողջությամբ պատված էր հողով, թեև՝ որպես հնագիտական տարածք, արդեն իսկ հաշվառված էր։
«Նախնական հետազոտական աշխատանքները ցույց տվեցին, որ այստեղ իսկապես կան հնագիտական արժեքներ, որոնք պետք է բացվեն ու մաքրվեն հողաշերտից։ Հյուսիս-հարավի նախագծողներն էլ հետագայում համաձայնեցին, որ հնագիտական այս վայրն իր առաջնային տեսքով պետք է պահպանվի, որովհետև նախադեպը չունի մեր ողջ տարածաշրջանում, ուստի որոշեցին արգելոցը շրջանցել և ճանապարհը կառուցել քիչ ավելի հեռու։ Նախորդ տարվանից հնագիտական արգելոցում կատարվում են վերականգնողական և ամրակայման աշխատանքներ։ Եթե նույնիսկ այստեղ տասնամյակներ շարունակ կատարենք պեղումներ, հաստատ որոշակի արժեք ներկայացնող գտածոներ դարձյալ կհայտնաբերենք։ Սա մեր պատմությունն է, ուստի կառավարությունը հատկացրել է գումարներ տարածքը պահպանելու համար»,- ասաց Մանուկյանը։