երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ

Աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ

Նոյեմբերի 12-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆինանսական ոլորտով զբաղվող պատգամավորների առաջարկով ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանի Հանրապետությունում արտահանման քաղաքականության խթանման վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Կառավարության անդամներ, ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչ Կենտրոնական բանկից:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ հանդիպման նպատակն է ՀՀ-ում արդյունաբերության զարգացմանը միտված քայլերն ուսումնասիրելը, որի արդյունքում հասկանալի կդառնա, թե ինչպես մեր երկրում ներմուծման ծավալները փոխարինել արտահանման ծավալներով: Այդ համատեքստում կարևոր է նաև հասկանալ, թե արդյունաբերության զարգացման համար ո՞ր ուղղություններն են ընտրվելու՝ ճյուղային, թե հորիզոնական:

Խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով ներքին արդյունաբերության քաղաքականության զարգացման մշակմանը, առանձնացրել է դրան միտված մի շարք ուղղություններ: Դրանց շարքում ԱԺ փոխնախագահն առաջնային է դիտարկել որակյալ տվյալների վիճակագրությունը:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, կարևորելով հայկական արտադրությանը զարկ տալը, նշել է, որ դրա համար անհրաժեշտ է պետական քաղաքականություն, սոցիալական գովազդներ, փաթեթավորման առանձնահատկություն, որպեսզի սպառողի համար այն ավելի տեսանելի և գրավիչ լինի:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ արդյունաբերության ոլորտի առաջնահերթությունների հայտարարումն ու հիմնավորումը եռամսյա ժամկետում արձանագրված է նաև Կառավարության ծրագրում:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, կարևորելով արտահանման ծավալների ընդլայնումը, նշել է, որ դրան կնպաստի նաև թղթաբանության ժամկետների նվազումը: Ըստ նրա՝ արտահանող կազմակերպություններն ամենաքիչ ժամանակը պետք է ծախսեն հենց դրա վրա: Շուշանիկ Ներսիսյանն ընդգծել է, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ:

Կողմերն առանձնացրել են արդյունաբերության գերակա ուղղությունները՝ նշելով, որ առաջնային է զարգացման հիմնական ճյուղերը հասկանալը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի կարծիքով՝ պետք է հստակեցնել գերակա ուղղության նշանակությունը: Ըստ նրա՝ դա կարող է սկսվել դիվանագիտական աշխատանքից ու վերջանալ ֆիսկալ քաղաքականության վրա ազդեցություններով:

Գևորգ Պապոյանը, ամփոփելով աշխատանքային քննարկումը, նշել է, որ այն կլինի շարունակական և մի քանի շաբաթից վերստին կհանդիպեն գործադրի ներկայացուցիչների հետ՝ ավելի առարկայական քննարկում անցկացնելու ակնկալիքով:

  • Կիսվել: