երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս պատշաճ կատարել իր քաղաքացիական պարտավորությունները. ԱՍՀ նախարարի ուղերձը

Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս պատշաճ կատարել իր քաղաքացիական պարտավորությունները. ԱՍՀ նախարարի ուղերձը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։
 
«Սիրելի՛ քաղաքացիներ,
 
Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։
 
Լավագույնս գիտակցելով աշխատանքի դերը և՛ քաղաքացու ինքնիրացման, և՛ երկրի զարգացման գործում՝ պետությունը շարունակում է ոլորտային քաղաքականության առանցքում դիտարկել արժանապատիվ աշխատանքի իրավունքի ու զբաղվածության ապահովումը։
 
Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ, պատշաճ կատարել իր քաղաքացիական պարտավորությունները, զարգացնել տնտեսությունն ու ենթակառուցվածքները, աշխատանքի արդյունքում կուտակվող հարկերից՝ վճարել կենսաթոշակ, ստեղծել նոր աշխատատեղեր։
 
Նախորդ տարի ՀՀ աշխատանքային օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխություններն անհրաժեշտ հիմքեր ստեղծեցին աշխատողների և գործատուների իրավահարաբերությունների կարգավորման, ինչպես նաև պրակտիկայից բխող խնդիրների լուծման համար։
 
Ոլորտային բարեփոխումները շարունակվում են նաև այսօր․ նախատեսում ենք փոփոխություններ իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, որով սահմանված առաջնահերթություններից, ինչպես բազմիցս ենք նշել, նպաստառու ընտանիքների կայունացումն է՝ մասնագիտական հմտությունների զարգացման, կայուն զբաղվածության ապահովման ու կենսապայմանների բարելավման միջոցով։
 
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները ևս շարունակում են ակտիվ աշխատանքներ իրականացնել տասնյակ հազարավոր քաղաքացիների հետ՝ տրամադրելով խորհրդատվություն, համագործակցելով գործատուների հետ, ապահովելով աշխատանք փնտրող անձանց հետ կապն ու աշխատանքի ձեռքբերումը։
 
Ավարտական փուլում են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում մշակվող ռազմավարությունները, որոնց հիմքում մարդու կենսացիկլերն են՝ այդ թվում՝ արժանապատիվ աշխատանքի և զբաղվածության խրախուսմանը միտված աշխատանքների իրականացումը։
 
Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ բոլոր աշխատավորներին մաղթում եմ անսպառ եռանդ և բազում հաջողություններ»,- ասված է ուղերձում։

  • Կիսվել: