ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա կլինի րոշակի գնաճային ազդեցություն․ ԿԲ

Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա կլինի րոշակի գնաճային ազդեցություն․ ԿԲ

Հայաստանում սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների մասով կան գնաճային զարգացումներ՝ պայմանավորված տարբեր գործոններով, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն, սակայն գնաճը դեռևս մնում է նպատակային ցուցանիշից ցածր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«2020-ի նոյեմբերին արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1 տոկոս գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6 տոկոս՝ դեռևս ցածր գտնվելով նպատակային 4 տոկոս մակարդակից: Նոյեմբերին շարունակել է ավելանալ նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը ամսվա վերջին կազմել է շուրջ 2 տոկոս»,-ասաց Գալստյանը:

Նրա խոսքով՝ չորրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսության փաստացի զարգացումները հիմնականում կրել են կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի և դրա հետ կապված որոշ երկրներում սահմանափակումների ազդեցությունը, ինչը բացասաբար է անդրադարձել համաշխարհային պահանջարկի և տնտեսական ակտիվության վրա: Մյուս կողմից 2021-ի տարեսկզբից պատվաստանյութերի հնարավոր արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները դրական միջավայր են ձևավորել համաշխարհային պահանջարկի վերականգնման հեռանկարի առումով: Այս իրավիճակում գնաճային միտումներ են արձանագրվել թե հումքային, թե պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչն անդրադառնում է նաև գործընկեր երկրների գնաճային ցուցանիշների վրա:

«Ելնելով այս զարգացումներից՝ ԿԲ-ի խորհուրդը գտնում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն»,-ասաց ԿԲ նախագահը:

Հաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունների ներքո կանխատեսվող գնաճի որոշակի արագացումը և երկրի ռիսկի հավելավճարի աճը՝  ԿԲ-ի խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: «Խորհուրդը նաև գնահատում է, որ դրամավարկային դիրքը շարունակում է պահպանվել խթանող, ինչը կանխատեսվող հորիզոնում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել՝ ապահովելով գնաճի կայունացումը նպատակային 4 տոկոսի շուրջ: ԿԲ խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կարճաժամկետ հատվածում առկա են կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկեր՝ վերևի ուղղությամբ: Ուստի ԿԲ-ն մշտապես հետևում է իրադարձությունների զարգացմանը և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովել գների կայունությունը միջնաժամկետ հատվածում»,-ասաց Գալստյանը:

Այսպիսով՝ Հայաստանում այս պահի դրությամբ գնաճը շարունակում է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում: ԿԲ-ն կանխատեսում է, որ մինչև տարեվերջ կմոտենա կամ կճեղքի նպատակային թիրախի և տատանումների միջակայքի ներքին շեմը:

Գալստյանը փաստեց՝ արձանագրում են, որ սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների մասով կան գնաճային զարգացումներ՝ պայմանավորված տարբեր գործոններով: «Բավականին մեծ աճեր կան միջազգային շուկաներում պարենային ապրանքների մասով: Այս ամենին նպաստում է նաև հայկական դրամի արժեզրկումը»,-ասաց նա:

Գալստյանը ներկայացրեց օրինակ մի քանի ապրանքատեսակների միջազգային գները: Ռուսաստանում հացահատիկի գինն աճել է 21 տոկոսով, Վրաստանում՝ 11 տոկոսով: Մակարոնեղենի, հացաբուլկեղենի գները ևս ունեն որոշակի աճ: Շաքարավազի տարեկան գնաճը Ռուսաստանում 65 տոկոս է: Կան որոշակի ապրանքներ, որոնք, բնականաբար, իրենց ներմուծման ցիկլից կախված՝ կարող են Հայաստանում կարճաժամկետ հատվածում աճել:

  • Կիսվել: