հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արևային ինքնավար կայան տեղադրող տնտեսվարողների հաշվարկային տարին կմեկնարկի մայիսի 1-ից

Արևային ինքնավար կայան տեղադրող տնտեսվարողների հաշվարկային տարին կմեկնարկի մայիսի 1-ից

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրեց «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Գործող օրենքում արևային ինքնավար կայան տեղադրող տնտեսվարողների հաշվարկային տարին հաշվարկվում է փետրվարի 1-ից փետրվարի 1-ը: Առաջարկում ենք տեղափոխել մայիսի 1-ից մինչև մայիսի 1-ը, քանի որ ինքնավար կայաններով արտադրվող էներգիան տարվա ընթացքում ամառվա ամիսներին ավելի ակտիվ է արտադրում էներգիան, և տարվա վերջին հաշվարկ կատարելիս ինքն իր ավել արտադրված էներգիան վաճառում է էլեկտրացանցին կես գնով:

Հունվար, փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին արևային օրվա կարճ լինելու և ամպամածության պատճառով ավելի քիչ էներգիա է արտադրում և ավելի թանկ է սկսում գնել էլեկտրացանցի հոսանքը: Փոփոխությունով հնարավորություն կընձեռվի արտադրած ավել էներգիան սպառեն, այլ ոչ թե վաճառեն»,- նշեց Վարդանյանը:

Մյուս փոփոությամբ՝ տնտեսվարողը, որը գործունեություն է ծավալում մի հասցեում, որտեղ հնարավոր չէ տեղակայել ինքնավար կայան, հնարավորություն կընձեռվի, որ կայանը տեղադրվի մեկ այլ հասցեում, բայց տնտեսվարողը օգտվի հոսանքից իր գործունեության հասցեում:

  • Կիսվել: